«Փաշինյանի իշխանությունը Հայաստանի համար շարունակվող աղետ և պարտություն է». Աննա Կարապետյան

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցումներին հարցվածների մոտ 86 տոկոսը կարծում է, որ հասարակությունը խաղաղության պայմանագրի բովանդակությանը պետք է ծանոթանա:

«Բնականաբար, հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե իր երկրի ղեկավարությունն ինչ պայմանագրեր է պատրաստվում ստորագրել, առավել ևս այն պարագայում, որ օբյեկտիվորեն չկան այս իշխանությանը վստահելու հիմքեր, որովհետև բազմիցս են եղել օրինակները, երբ ձեռք են բերվել գաղտնի պայմանավորվածություններ, դրանց իրականացվելուց հետո ենք բախվել դրանց հետևանքներին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում թեմայի վերաբերյալ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ բովանդակությանը, այսպես թե այնպես, հանրությունն իրազեկված է և, ցավոք, այնտեղ Հայաստանի, հայ ժողովրդի շահերից բխող ձևակերպումներ առանձնապես չկան:

«Ադրբեջանը ստացել է պատմական բացառիկ հնարավորություն կատարել իր բոլոր ցանկություններն ու նույնիսկ ժամանակին չերազած երազանքները, և քանի դեռ այդ հնարավորությունը կա, այլ կերպ ասած՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Հայաստանի ղեկին և ինքն է Հայաստանի անունից կայացնում որոշումներ, բնականաբար, Ադրբեջանը փորձելու է առավելագույնս օգտվել այդ հնարավորությունից և Հայաստանին ստիպել մաքսիմալ զիջումներ: Իսկ պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ այդ գործիքակազմն ինչ-որ չափով սահմանափակվում է, ուստի, բնական է, որ Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ համաձայնագիրը»,- շեշտեց նա:

Կարդացեք նաև

Փարձագետն ընդգծեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի հանրայնացված վաղեմի երազանքը եղել է Հայաստանի և հայ ժողովրդի չլինելն այս տարածաշրջանում. «Բնականաբար, այս պահանջները չեն դադարելու, քանի դեռ Հայաստանը կատարում է այդ ցանկությունները: Փաշինյանի իշխանության առկայությունը Հայաստանի համար շարունակվող աղետ և պարտություն է, որի մասին արդեն քանի տարի խոսում ենք:

Որքան ավելի է շարունակվում Փաշինյանի իշխանությունը, այդքան այդ աղետն անսահման առաջ է գնում: Այս անսահման խորացած աղետը տեղի չէր ունենա, եթե 2-3 տարի առաջ տեղի ունենար իշխանափոխություն և լիներ նոր իշխանություն, որն այդ ազատ անկումը կանգնեցրած լիներ: Այսօր մենք խոսեցինք Ադրբեջանի շարունակվող պահանջների մասին, և եթե օր առաջ չլինի իշխանափոխությունը, բնականաբար, մի քանի տարի հետո արձանագրելու ենք, թե ինչքան ավելին ենք կորցրել: Այս աղետը ստեղծել են գործող իշխանությունները, իրենք են հիմնական դերակատարն այս ամենի, և հետևաբար՝ իրենցից այլ բան ակնկալել ուղղակի հնարավոր չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս