Դուք ո՞վ եք, որ պահանջեք՝ մոռանալ Ցեղասպանությունը, Արցախը. 2018-ից բերեցին մանկուրտիզմը, բոլշևիզմը ու մտցնում են սերունդների գիտակցության մեջ. սրանք սոցիալական թափթփուկներ են՝ առանց կենսագրության. Վարդան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հերթական անգամ, քանի որ ՌԴ-ի հետ տնտեսական կապվածություն կա, Փաշինյանը մայիսի 9-ին շքերթին մասնակցելու նպատակով գնում է Մոսկվա, բայց դա ոչ թե որպես հարգանքի տուրք է ու սիմվոլիկա, որ հայ ժողովուրդն էլ է մասնակցել, ու մենք էլ ենք ըստ էության Հայրենական Մեծ պատերազմում հաղթող ժողովուրդ, այլ ուղղակի «галочка»-ի համար։ Այդ շարքում նրա համար կարևորն այցն էր Էստոնիա։ Եվ, ըստ էության, կոմունիզմի զոհերի հուշարձանին նրա այցելությունը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ էր։ 
  • Էն ժամանակ էլ էին պետության ու ընտանիքի, ազգայինի դերը նվազեցնում, հիմա էլ։ Իրենց համար գլխավորը կապիտալն է և այն, թե ինչպես է այն կառավարում աշխարհը։ Վերազգային կորպորացիաները, կազմակերպություններն իրենց միջից ընտրելով պետության ղեկավարի, փորձում են կառավարել տվյալ պետությունը։ Աշխարհն այսօր բաժանվում է տրանսնացիոնալ կորպորացիաների միջոցով, որոնք միջնորդների միջոցով փորձում են կառավարել աշխարհն այնպես, որ լինի զանգված՝ բիոմասսա, որը պետք է աշխատի տրանսնացիոնալ կորպորացիաների շահերը սպասարկելու համար։ Ու այդ բիոմասսան պիտի լինի երջանիկ ապուշ, որն իր առաջ ոչ թե ազգային նպատակներ է դնում, այլ սոսկ ուտելու՝ ստամոքսը լցնելու ու ապրելու։ Ազգային պետությունները խանգարում են կապիտալին, հետևաբար նաև՝ վերազգային այդ կորպորացիաներին։
  • Թուրքիայում կան խոշոր կապիտալի տերեր, որոնք հարստացել են Հայոց ցեղասպանության արդյունքում, և այսօր էլ խոշոր կապիտալը նրանց ձեռքում է։ Պայմանական Արևմուտքի ձեռքում թուրքերը միջնորդի դեր էին խաղում։

Կարդացեք նաև

  • Լիբերալիզմը Հայաստան դեռևս 1990-ականներին է բերվել։ Կայսերականությունից զզված՝ մենք դա ողջունում էինք, բայց, ըստ էության, տեղի էր ունենում գունավոր հեղափոխություն, ու հետո դրան ներգրավեցին Թուրքիային։ Ելցինյան Ռուսաստանն արդեն ներգրավված էր։ Հիշենք Լևոն Տեր-Պետրոսյան-Օզալ հանդիպումները։ Բայց այն ժամանակ նման մտայնությունները մեր հասարակության մեջ տեղ չունեին, իսկ հիմա այս գործող իշխանությունը բացահայտ համագործակցում է թուրքերի հետ։
  • Այն, որ Արցախը խանգարիչ հանգամանք էր ողջ Հարավային Կովկասի էներգետիկ հանգույցները Եվրոպա հասցնելու համար, ակնհայտ է։ Հիմա նույնն էլ Սյունիքի դեպքում է։ 
  • Այսօր Սյունիքը կիսում է Արցախի ճակատագիրը։ Հիշենք, որ Արևմուտքը սկզբում ողջունում էր Արցախյան շարժումը, որովհետև այն հարվածում էր ԽՍՀՄ-ին, ուր ամենասուրը դրված էր ազգային հարցը, հետո արդեն դարձավ խանգարող հանգամանք։
  • Դուք ո՞վ եք, որ ինձնից պահանջեք, որ Ցեղասպանությունը մոռանամ, որ մոռանամ, որ երկիր ենք կորցրել՝ մի ողջ մշակութային շերտով։ Հիմա այս իշխանություններին դրսից հրահանգ է տրվել՝ հայ ժողովրդի գիտակցությունից հանել կորսված հայրենիքի մասին գրող պատմիչներին, գրողներին, ինչը հիմա անում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։ Այդպիսով դուք պահանջում եք, որ մենք դառնանք մանկուրտ։ Մեզ համար այդ տարածքը ոչխար արածեցնելու համար արոտավայր չէ։ Մեզ համար դա մշակութային շերտ է՝ սկսած հեթանոսությունից, վերջացրած քրիստոնեությամբ։ Քիչ-քիչ այս ԿԳՄՍ նախարարությունը մեր պատմությունը մեր դասագրքերից կհանի, ինչպես բոլշևիկներն էին անում։ Ու սրանց ձեռքով մեր պատմությունը կսկսվի 2018թ.-ից, և ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյաններն ու ՔՊ-ական ակտիվիստները կդառնան մեր նոր «հերոսները»։ Սա ողբերգություն է…

  • Անկախության հռչակագիրն ադրբեջանցիներին ու թուրքերին միջագայնորեն խանգարում է Հայաստանը պարզապես տարածք դարձնել։ Եթե դու ո՛չ Հռչակագիր ունես, ո՛չ Ցեղասպանությունն ես հիշում, ո՛չ Արցախ ես հիշում, ապա կտրում ես քեզ քո արմատներից, դու՝ որպես պետություն, կորցնում ես քո քաղաքական հետաքրքրությունը, կշիռը։ Եվ դրանից հետո նույնիսկ դաշնակից պետությունների համար այլևս միևնույն կլինի՝ ով քեզ կուլ կտա։ Այս իշխանությունների ամենամեծ հանցագործությունը նախ և առաջ դա է։ 2018թ.-ից քիչ-քիչ նրանք բերեցին մանկուրտիզմը ու մտցնում են սերունդների գիտակցության մեջ։ Սրանք սոցիալական թափթփուկներ են՝ առանց կենսագրության, ովքեր փողոցներից են եկել։ Մտավորականի նշույլ չկա իրենց մեջ։
  • Պատմության զարգացման թրենդը հիմա գնում է դեպի ազգային պետություններ, բայց կարող է լինել նաև գլոբալիզմի ռեստավրացիա, թեպետ այս պահին ես այդ հնարավորությունը չեմ տեսնում։ Ամեն դեպքում նրանք հզոր ուժեր ունեն։
  • Չկա մոդել, թե աշխարհը դեպի ուր, ինչին է գնում, ճանապարհը չի ուրվագծվում։ Ռուսներն էլ չունեն ապագայի զարգացման ուղենիշ, չինացիներն էլ։ Բոլոր երկրներն ունեն այդ խնդիրը։ Սա քաղաքակրթական ճգնաժամ է։
  • Ինչո՞ւ ժամանակին քրիստոնեությունը հաղթեց… Որովհետև քրիստոնեությունը զարգացման նոր մոդել տվեց, ու աշխարհի պատմությունը գնաց առաջ։ Քրիստոնեությունն, ըստ էության, մարդկությանը հույս տվեց։ Նույնը՝ իսլամը 7-րդ դարում՝ արաբների համար նույն դերն ունեցավ։ Հիմա ես չեմ տեսնում մի ուժ, որն այդ մոդելը ցույց կտա։ Առաջվա մոդելները՝ լինի քրիստոնեություն թե կոմունիզմ, հույս էին տալիս մարդկանց, իսկ հիմիկվա մոդելները ստեղծում են բիոմասսա՝ ուտել, քնել ու մեռնել՝ մոդելով։

  • Այսօր աշխարհում պեսիմիզմ է, օպտիմիզմ չկա։ Ողջ համաշխարհային գրականությունը, ֆիլմերը պեսիմիզմի մասին են։ Սա ազդում է հասարակական գիտակցության վրա։
  • Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ռազմաքաղաքական, ազգային այս բոլոր մարտահրավերներին, որպես կանոն, դիմակայող պետք է լինի պետության առաջնորդը։ Հայաստանում դա լուրջ խնդիր է, քանի որ ողջ գործիքներն այս մարդու ու նրա խմբակցության՝ ՔՊ-ի ձեռքում են, իսկ նրանք դիմակայելու խնդիր չունեն, նրանք կատարում են դրսից մեր պետության, մեր ժողովրդի, ազգայինի դեմ թելադրվող հրահանգները։ 2018թ.-ից սրանք քայլ առ քայլ անում են, ինչ իրենց հանձնարարված է։ Փաստացի, իմ և ձեր լիդերն այսօր դարձել է թուրքը։ Այս պայմաններում, եթե ազգ ես, ինքնագիտակցություն ունես, դու պետք է այլ լիդեր ընտրես, պետք է դիմադրես, թույլ չտաս, որ այս կործանումը, աղետը շարունակվի։
  • Մեր ինքնությունը պահելու խնդիր ունենք։ Մեր ազգի գոնե մտածող 30%-ը չի՞ կարող եզրակացություն անել, թե ինչի մեջ ենք ու ինչ պետք է անել։ Նրանք սպասում են հերթական ընտրությունների՞ն։ Եթե ուզում եք՝ պետությունը վերանա՝ կվերանա, եթե չեք ուզում, ապա օր առաջ պիտի քայլ անեք։ Երկու քայլ ունեք՝ կա՛մ թողնել ու փախչել երկրից, ինչը հաճախ ենք արել, կամ ելնել ու պայքարել, պաշտպանել մեր շահերը, վերականգնել մեր դաշնակիցներին, վերջապես փրկել մեր պետությունը վերացումից։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս