Իշխանություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի․ մնացել են մարդ ու կնիկ․ Էդգար Ղազարյանը՝ իրավական ու ներքաղաքական իրողությունների մասին

«Իշխանությունների մտադրությունը ոչ միայն խոսքի սահմանափակումներ կիրառելն է, այլև ազատազրկման միջոցով հանրային կյանքից հեռացնելը»,- դատական հերթական նիստից առաջ 168.am-ի հետ զրույցում նշեց հանրային ու քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունների կողմից ընտրված  ժամանակահատվածը՝ մեկնարկող ընտրական գործընթացներին նախորդող շրջանը, հենց այդ համատեքստում, պատահական չպետք է համարել։

«Կարծում եմ՝ ոչ այնքան կարևոր են ընտրությունները, որին մասնակցելու հավակնություններ ես երբեք չեմ ցուցաբերել, այլ ավելի շուտ նոր Սահմանադրության ընդունումը, որը մտադիր են իրականացնել ընտրությունների հետ միասին՝ չնայած օրենքը դա չի նախատեսում,- պարզաբանեց նա, ապա անդրադառնալով մեր հստակեցմանը՝ արդյո՞ք նաև այս կերպ ՍԴ դատավորներն ու աշխատակազմը նաև երաշխիքներ են ուզում ստեղծել իրենց համար, արձագանքեց,- Նրանք, ըստ իս, երկրորդային դերակատարներն են․ այստեղ գլխավոր դերակատարը վարչապետն է, որը փորձում է  նաև այս գործով ամուր վահան ստեղծել ՍԴ-ի համար՝ պահելով նրանց որևէ տեսակի քննադատությունից, որպեսզի ամուր պատնեշ դարձնի իրենց հետագա գործունեության համար։

Այսինքն՝ այս գործով ոչ միայն փորձում են ինձ մեկուսացնել, այլ նաև իմ օրինակով պատժել ու  կանխել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն  իրենց համար այս կարևոր շրջանում Սահմանադրական դատարանի  կամ դատավորների հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել։ Սա խոսքի իրավունքի սահմանափակման դասական օրինակ է՝  կոնկրետ քաղաքական գործընթացներով պայմանավորված»։

Կարդացեք նաև

Ներքաղաքական օրակարգերի մասին մեր հարցադրումներով նաև փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է քաղաքական գործիչը տեսնում իշխանության հեռացման գործընթացը՝ նկատելով, որ վերջերս ակտիվացել են իմպիչմենտի մասին քննարկումները։

Իմպիչմենտով՝ անվստահություն հայտնելու միջոցով, հնարավո՞ր է իշխանահեռացումը՝ հետաքրքրվեցինք Էդգար Ղազարյանից։

Ի պատասխան՝ նա նկատեց․

«Ակտիվացել է, որովհետև խորհրդարանի լիազորությունների ժամկետը մոտենում է  ավարտին։ Այն խորհրդարանը, որը պետք է իրականացնի վարչապետի անվստահություն, 1,5 տարի հետո այլևս խորհրդարան չի լինելու։ Ժամանակը սուղ է,  գործողությունները պետք է լինեն ավելի վճռական ու հասկանալի։ Կարծում եմ՝ 2026 թվականին կունենանք Ազգային ժողովի հերթական ընտրությունները, և այդ ժամանակ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի լինի․  մինչ այդ՝ ԱԺ-ն նրան անվստահություն կհայտնի, և ԱԺ տրամաբանական, օրինական, սահմանադրական որոշմանը ժողովուրդը կցուցաբերի մեծ աջակցություն»։

Փողոց և իմպիչմե՞նտ՝ հստակեցրինք Էդգար Ղազարյանից, նա վստահեցրեց՝ գործընթացի կայացումը հնարավոր է միայն փողոցի և իմպիչմենտի համադրությամբ։

«Մարդիկ դուրս կգան փողոց, եթե գոյություն ունենա անվստահության գործընթաց։ Որովհետև մինչև հիմա մարդիկ տարբեր առիթներով փողոց են դուրս եկել հրաժարականի պահանջով, նա  հրաժարական չի տվել։ Հետևաբար՝ փողոց դուրս գալ աննպատակ, հանրահավաքային ելույթներ լսելու, իմաստ չունի։

Երբ որ խորհրդարանում սկսվի գործընթաց, ժողովուրդը դուրս գա այդ գործընթացը պաշտպանելու, այդ երկուսի համադրությունը կտա արդյունք։ Կարծում եմ՝ երկար չի տևի, կարող է այդ ամենը 1 ժամում ավարտվի»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։

Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության և արցախցիների առնչությամբ ԱԳՆ վերջին հայտարարությանը՝ դիտարկմամբ, որ այս իշխանությունները Հայաստանի հետ կապ չունեն․ Ադրբեջանի, Թուրքիայի շահերը սպասարկող գործիչներ են, հետևաբար՝ նրանց ցանկացած հայտարարություն բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից։

«Իշխանություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի․ մնացել են մարդ ու կնիկ, որոնք իսկի մարդու ու կնիկ էլ չեն, հելել-ընկել են տգետների դպրոցը՝ դաս են տալիս։ Ուրիշ մարդ չի մնացել իրենց շրջապատում․ այդ երկուսն են մնացել»,- ամփոփեց գործիչը։

Հիշեցնենք՝  Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս