«Բարևը հո Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ՞. բարևն Աստծունն է». Արմեն Ռուստամյան
Այս ընտրապայքարը բավական թեժ տարվեց քաղաքական առումով, որովհետև գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը մասնակցում են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ հետևելով ընտրարշավին` առանձնացնում է երկու ճամբար՝ իշխանություն և ոչ իշխանություն: «Իշխանության թեզերը եղել են այն, որ սա պարզ, սովորական տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է, որտեղ պետք է լուծվեն կենցաղ-սպասարկման հարցեր: Բնականաբար, այդ պատճառով ամեն ինչ անում էին, որ այս ընտրությունների քաղաքական նշանակությունը նսեմացվի: Սա պարզ տեխնոլոգիա է, որովհետ քաղաքական ակտիվությունը որևէ իշխանության ձեռք չի տալիս: Եթե ընտրապայքարը տեղափոխվում է նեղ հարցերի լուծման շրջանակ, այստեղ ընտրազանգվածը տեղափոխվում է խնամի բարեկամական, անձնական հարաբերությունների շնորհիվ, որ իշխանությունը անգերազանցելի է: Իսկ մեր խնդիրը ճիշտ հակառակն էր՝ ապացուցել, որ սա միայն հարցերը լուծելու կոչված ընտրություն չէ»,- ասաց նա՝ ավելացնլով, որ այս ամենին պետք է գումարեն այն հանգամանքը, թե ինչ «կրքով» են պայքարում իշխանություններն անգամ գյուղերում:
Ա. Ռուստամյանը նշեց, որ եթե մայրաքաղաքում մեծամասնությունը կազմի ընդդիմությունը, մեծ ճեղք կառաջանա իշխանության մոնոլիտ դրվածքի մեջ: Ըստ նրա՝ այդ դեպքում կխախտվեն բոլոր այն խաղի կանոնները, որոնք մինչ օրս գործել են միահեծան իշխանության պարագայում:
Նրա խոսքով, ընդդիմադիր քաղաքապետը օգուտ կբերի ոչ միայն ժողովրդին, այլև հենց ընդդիմադիր դաշտի կուսակցություններին: Ա. Ռուստամյանը նշեց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ ավագանու ընտրությունները տան երկու արդյունք՝ դիտվեն որպես հանրաքվե ոչ ասելու այս իշխանություններին, որից, ըստ նրա, նախ կշահի ընդդիմադիր դաշտը և այո այդ ընդդիմադիր դաշտից այո ասեն ՀՅԴ-ին:
Ինչ վերաբերում է ձայների վերահսկմանը, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերահսկելու վստահված անձանց կամ դիտորդներին, որպեսզի նրանք չաշխատեն իշխանության համար: Ի պատասխան՝ Ռուստամյանն ասաց, որ այդ «տրադիցիան» միշտ էլ գոյություն է ունեցել. «Եթե ձեզ թվում է՝ հիմա իրենց միջոցները չեն հերիքում իրենցով անելու ամբողջ ընդդիմադիր դաշտը, սխալվում եք: Հերիքում են: Մենք ունեցել ենք թիթեռի կյանքով քաղաքական գործիչներ, որոնք դժգոհել են իշխանությունից, բողոքել են և ո՞ւր են հիմա իրենք՝ առաջին շարքում են իշխանական դաշտում: Մեկին-երկուսի գուցե հնարավոր կլինի, բայց ութին էլ չեն կարող իրենցով անել»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՀՅԴ-ի ու «Բարև Երևանի» քարոզարշավները ոճային առումով նման են միմյանց, Ռուստամյանը նկատեց. «Քաղաքականության մեջ ոչ մի բան արևի տակ նոր չէ: Ինչ-որ մի ժամանակ արդեն կիրառվել է: Բայց հո բարևը Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ՞՝ բարևն Աստծունն է: Եթե ուզում եք իմանալ, ամենաառաջին մարդկանց բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, դեռ 2009 թվականին: Ման էր գալիս, մարդկանց բարև էր տալիս»: