
«Մերձավորարևելյան միջանցքը դառնում է իրականություն՝ էապես նվազեցնելով Թուրքիայի լոգիստիկ նշանակությունը միջազգային տրանսպորտային հաղորդակցություններում». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մերձավորարևելյան միջանցքը դառնում է իրականություն՝ էապես նվազեցնելով Թուրքիայի լոգիստիկ նշանակությունը միջազգային տրանսպորտային հաղորդակցություններում:
Վերջերս գործարկվեց միջանցքի մաս կազմող Սաուդյան Արաբիա-ԱՄԷ-Հորդանան-Իսրայել երթուղին, որը կրճատում է Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով բեռների փոխադրման ժամանակն ու ծախսերը մոտ 80%-ով։
Երթուղին միացնում է Ջեբել Ալի նավահանգիստը Իսրայելի Հայֆա նավահանգստին՝ անցնելով Ալ-Ռիադով և Ամմանով։ Ամենակարևորը՝ բեռնափոխադրումները չեն կարող թիրախավորվել յեմենյան հութիների կողմից։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տնտեսական և գեոքաղաքական նոր իրավիճակ է ձևավորվում։
Մերձավորարևելյան՝ Հնդկաստան-ԱՄԷ-Սաուդյան Արաբիա-Իսրայել (Հայֆա)-Հունաստան (Պիրեուս) միջանցքի ձևավորման մասին որոշումը կայացվել էր դեռևս 2023 թ.՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում: Հատկանշական է, որ նախագծի իրականացման հարցում Բայդենի ու Թրամփի վարչակազմերի մոտեցումները գրեթե նույնական են: Թե առաջինը, թե երկրորդը մի քանի անգամ հայտարարել են, որ միջանցքը պետք է գործարկվի ու դառնա մեծ Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային զարկերակը:
Մեծ հաշվով «Մերձավորարևելյան միջանցքը» TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի նոր լոգիստիկ լուծումներից է: Իր հերթին, TRACECA-ն կոչված է, շրջանցելով Ռուսաստանը, տրանսպորտային կապ ապահովել Արևմուտքի և Ասիայի միջև՝ առավելապես թուրքական ենթակառուցվածքներով:
Հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար դիրքավորվում է որպես Արևմուտքը Ասիային կապող առանցքային տրանսպորտային և էներգատրանսպորտային հանգույց, նոր միջանցքը շատ վտանգավոր կարող է լինել նրա համար։ Այստեղից էլ Անկարային բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին:
Միաժամանակ, Մերձավորարևելյան միջանցքը հակակշիռ է ձևավորում երկու չինական «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին, ինչպես նաև ռուս-իրանա-հնդկական «Հյուսիս-Հարավ» միջանցքին:
Հաշվի առնելով Իսրայելի դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ի հետ նրա հարաբերությունների բարելավումը, Սաուդյան Արաբիային «Աբրահամյան համաձայնագրերի» տիրույթ բերելու շատ իրատեսական հեռանկարը, ինչպես նաև Իրանի դիրքերի թուլացումը Սիրիայում ու Լիբանանում, Մերձավորարևելյան միջանցքը կարող է իրապես փոխել եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունը: Եվ այս հարցում ԱՄՆ ու Իսրայելի շահերն առավել քան համընկնում են:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, իհարկե, Թուրքիայի լոգիստիկ թուլացումը (ներքաղաքական ապակայունացման հետ մեկտեղ) կարող է նվազեցնել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» ձևավորման հավանականությունը: Եթե, իհարկե, Երևանը կարողանա ճիշտ ըմբռնել նոր աշխարհաքաղաքական կոդերը (…)»: