Հայաստանում ես դաս ստացա. մի՛ դատիր, եթե ծանոթ չես խնդրի էությանը. Վլադիմիր Պոզներ
Խորհրդային ու ռուս հանրահայտ հեռուստալրագրող, հաղորդավար, Ռուսաստանի հեռուստատեսային ակադեմիայի առաջին նախագահ Վլադիմիր Պոզները 2012 թվականի գարնանը ներկայացրել է իր «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը:
Այդ գիրքը նա գրել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն անգլերենով: ԱՄՆ-ում այն 12 շաբաթ գտնվել է The New York Times թերթի՝ ամենաշատ վաճառվող գրքերի ցուցակում: Գրքի ռուսերեն թարգմանությունն ավարտվել է միայն 18 տարի անց՝ 2008 թվականին: Եվ չնայած դրան՝ գրքի ռուսական տարբերակը հրատարակվել է միայն 2012 թվականին:
Գրքում անդրադարձ է կատարված նաև Պոզների՝ Հայաստան կատարած այցին. «Մի անգամ ես մութ գիշերով հայտնվեցի Հայաստանի լեռներում՝ Սևանից ոչ հեռու, որի գոյությանը սպառնում էին թունելի կառուցման պլանները: Ես էլ հենց այդ մասին նյութեր էի հավաքում Երևանում:
Օրվա վերջին մենք նստեցինք «Վոլգան» և գնացինք ինչ-որ տեղ: Վերջապես մենք հայտնվեցինք ինչ-որ լեռնային գյուղում: Վարորդը կանգ առավ տներից մեկի մոտ, ես հետաքրքրվեցի, թե ինչու կանգնեց: Նա պատասխանեց, որ ինքը քաղցած է, իսկ այստեղ ապրում են իր բարեկամները, որոնք ուրախ կլինեն իրենց հյուրընկալելու համար:
Շուրջբոլորը մութ էր, գիշերվա ժամը 1-2-ն էր, ոչ մի տեղ լույս չէր երևում, ակնհայտ էր, որ բոլոր քնած էին: Ես պատկերացրեցի այդ մարդկանց արձագանքը, թե որքան ուրախ կլինեն Մոսկվայից ժամանած հյուրին ընթրիքի սեղանի շուրջ պատվելու համար: Տանտերերը մեզ սպասում էին ավելի վաղ ժամի և հրավիրեցին ներս:
Տնակը փոքր էր՝ փայտե պատերով ու հատակով, գրեթե առանց կահույքի: Ամեն ինչ վկայում էր, որ կյանքը բարդ է և ոչ հարուստ: Չգիտես ինչու, հիշեցի Մեծ դեպրեսիայի տարիներին Օկլահոմայում ֆերմերների տների լուսանկարները: Սակայն սա ո՛չ Օկլահոման էր, և ոչ էլ 1930-ական թվականների ճգնաժամային Ամերիկան:
Աչք զարնեց տարբեր ուտեստներով սեղանը. սնունդը կբավականացներ 10 մարդու համար: Տանտերն ամուր սեղմեց ձեռքս և խնդրեց ներել իրեն. նա ուներ ինչ-որ շտապ գործ և պետք է դուրս գար տնից: Ապա պարզվեց, որ նա դուրս է եկել՝ գառնուկ մորթելու համար՝ հյուրի համար խորոված պատրաստելու համար:
Քանի դեռ մենք սպասում էինք, ես զննում էի սենյակը: Մի անկյունում մահճակալ կար, որի վրա պառկած էր տարեց կին: Նա ինձ նայում էր մեծ, չթարթող աչքերով, որոնցում արտահայտում էր չլսված թախիծ:
Թվում էր, թե այդ աչքերը տեսել են ամեն ինչ. և՛ Հայաստանի բարգավաճումն ու փառքը, և՛ նրա տառապանքների ժամանակաշրջանը, և՛ նրա հերոսական պայքարը զավթիչների դեմ՝ Հռոմի անհաղթ լեգեոնների, Պարթևստանի նետաձիգների ու հեծյալների, Բյուզանդիայի տիրանների, թաթարների դաժան դրուժինաների, Լենկ Թեմուրի պողպատյա ձեռքի, Օսմանյան կայսրության կոր յաթաղանի դեմ:
Նրա աչքերում առկա էր դարերի իմաստնությունը և նայելով նրանց՝ ես ինձ զգացի ընդհանրապես փոքր: Ես շրջվեցի և հայտնաբերեցի իմ հետևում կանգնած 7 երեխայի: Նրանք կանգնած էին ուս ուսի տված, կատարելապես միանման էին՝ ակնհայտ տոնական հագուստով և կանգնել էին ըստ հասակի:
Այդ պահին ինձ ապշեցրին նրանց մանկական աչքերը, դրանք ճիշտ այնպիսին էին, ինչպիսին որ տարեց կնոջ աչքերը: Այդ ժամանակ ես հասկացա, որ իմ մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է՝ համեմատած նրանց մշակույթի ու քաղաքակրթության հետ:
Այդ մարդիկ կարողացել են գոյատևել որպես ժողովուրդ, պահպանել իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց հողը (թեև ոչ ամբողջությամբ): Նրանք հանդիսանում են այն մարդկանց ուղիղ սերունդները, ովքեր ապրել են Հռոմի ծնվելուց շատ առաջ և այն բանից առաջ, ինչ իր կախարդանքն արարեց Հին Հունաստանը, ով հանդիսանում է եգիպտացիների համաժամանակակիցը՝ սկսած առաջին փարավոններից:
Երբ մենք նստեցինք սեղանի շուրջ, տանտիրուհին չմիացավ մեզ: Տարեց կինը շարունակում էր պառկած մնալ մահճակալին՝ առանց հայացքը մեր վրայից կտրելու, իսկ ընտանիքի մայրը նստել էր նրա կողքին և նայում էր, թե մենք ինչպես ենք սնվում: Ես շատ վշտացա և վրդովեցի, ինչի մասին մեկ ժամ անց հայտնեցի վարորդին, երբ մենք արդեն հրաժեշտ էին տվել ողջ ընտանիքին:
Հրաժեշտի ժամանակ որպես պատասխան տարեց կինը գլխի թեթև շարժում արեց, ընտանիքի մայրը ժպտաց, սակայն տեղից չկանգնեց, միաբան յոթնյակը մոտեցավ և ավագության կարգով սեղմեց ձեռքս, իսկ հայրը ամուր, արջի նման գրկախառնվեց ինձ հետ:
Ես զարմացա, թե ինչու այդ դժբախտ կնոջը թույլ չտրվեց մեզ հետ նստել սեղանի շուրջ: Չէ՞ որ մենք ապրում ենք 20-րդ դարի վերջին քառորդում և, կարծես թե, առաջադեմ երկրում: Սակայն վարորդն ինձ ասաց. «Դու ոչինչ չես հասկանում, ոչինչ չես տեսնում: Դու չնկատեցի՞ր, որ ամեն անգամ, երբ տանտերը կանգնում էր կենաց ասելու նպատակով, նա նայում էր կանանց՝ թույլտվություն ստանալու համար:
Դու չես պատկերացնում, որ կինը նրան թույլատրեց մորթել գառնուկին խորովածի համար: Եթե կանայք չթույլատրեին, նա մեզ չէր թողնի տուն: Այդ ձեզ մոտ է, որ կանայք ձեզ հետ միասին նստում են մեկ սեղանի շուրջ, սակայն ոչինչ չեն որոշում: Իսկ մեզ մոտ այդպես չէ: Մենք լսում ենք կնոջը, որովհետև հենց նա է կյանքը, նրանից է գալիս ամեն ինչ»:
Հերթական անգամ ապշած իմ մշակույթից, իմ ավանդույթներից՝ ես բարձր գնահատական տվեցի մեկ այլ մշակույթի և եկա այն եզրակացության, որ այդ ժողովուրդը կանանց համարում է երկրորդ կարգի մարդ: Ամեն դեպքում ես մասամբ ճիշտ էի, ինչպես որ թվում է ինձ, սակայն ճիշտ էր նաև վարորդը՝ ծիծաղելով մեր խոր արտաքուստ «հավասարության» վրա, որով պարծենում ենք մենք՝ արևմտյան քաղաքակրթության ներկայացուցիչներս:
Մի խոսքով, ես ստացա ևս մեկ դաս. մի՛դատիր, եթե ծանոթ չես խնդրի էությանը»: