
Նախարարությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին․ Radar Armenia

Շրջակա միջավայրի նախարարությունը Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի՝ COP29-ում Միացյալ Նահանգների տաղավարի բացման արարողության ժամանակ հնչեցրած հայտարարությունը, թե Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա:
«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հնչեցրած հայտարարության` Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգների և ինժեներների ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ, տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկացնում եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում անդրսահմանային համագործակցությանն ուղղված աշխատանքներ չեն իրականացվում։ Ծրագրի շրջանակներում մշակվում է Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների պլանը և գետերի ծանրաբեռնվածության հաշվարկման գործիքը»,- պարզաբանել են նախարարությունից։
ՇՄՆ-ից հավելել են, որ արդիականացման ընթացքում է Ախուրյան գետի վրա գտնվող 2 հիդրոլոգիական դիտակետ, նախատեսվում է արդիականացնել նաև Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետը։