
ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը. Իսրայելը հակասեմական ահաբեկչություն է որակել նրա սպանությունը

Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնաբերվել է Աբու Դաբիի հրեական կրոնական կազմակերպություն հանդիսացող «Խաբադ»-ի մասնաճյուղի էմիսար ռաբբի Զվի Կոգանի մարմինը, ով անհետ կորել է հինգշաբթի օրվանից:
Ինչպես փոխանցում է The Times of Israel-ը, այս մասին ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի և Արտաքին գործերի նախարարության համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարությամբ Կոգանի սպանությունը որակվել է որպես հակասեմական ահաբեկչություն։ Նշվել է, որ Իսրայելը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները մարդասպաններին պատասխանատվության ենթարկելու համար:
Ynet լրատվական կայքը հաղորդում է, որ Կոգանի մեքենան գտել են լքված Ալ Այն քաղաքում՝ Աբու Դաբիից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա: Առանց աղբյուրների վկայակոչելու լրատվամիջոցը հավելել է, որ մեքենայում ծեծկռտուքի հետքեր կան։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնյաները կասկածում են, որ Իրանի կողմից հավաքագրված Ուզբեկստանի մի քանի քաղաքացիներ հարձակվել են ռաբբիի վրա և հետագայում փախել Թուրքիա: ԱՄԷ-ի իշխանություններին մոտ կանգնած անանուն պաշտոնյան ասել է, որ երկիրը վրդովված է և ցնցված ՝ հավելելով, որ կառավարական և կրոնական բարձրաստիճան գործիչները հետաքննություն են անցկացնում: