Խաղամոլության ծավալները 440 անգամ աճել են. աղետը 20 անգամ աճել է. Հայկ Սարգսյան

Վերջին 13 տարիների ընթացքում շահումով խաղերի և բուքմեյքարական գործունեության ծավալներն ահագնացող տեմպերով աճում են, դրա դիմաց հարկերի տեսակարար կշիռը նվազել է։ Այսօր Ազգային ժողովում աղմկահարույց՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ներկայացման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը։

«Եթե 2010թ․ շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը՝ 2,6 մլն դոլար, այսինքն՝ 7,2 տոկոս, ապա 2023թ․ գործունեությունն աճել է ավելի քան 440 անգամ։ 2023թ․ ծավալները կազմել են 15,8 միլիարդ դոլար, իսկ հավաքագրվող հարկերը՝ 67 միլիոն դոլար կամ ծավալի 0,4 տոկոսը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ թեպետ վերջին տարիներին օրենսդրական մի շարք նախաձեռնություններ են եղել, որոնք ուղղված են եղել կրճատելու գործունեության ծավալները, սակայն դրանք այնքան էլ նպատակին չեն ծառայել։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկումը բավականին թեժ մթնոլորտում անցավ։ Հայկ Սարգսյանը վիճեց անգամ թիմակից գործընկերների հետ՝ պնդելով, որ օրինագծի հարցը չպետք է հետաձգվի։ Նա ընդգծեց, որ առաջնորդվում է պետական շահերով, այս նախագծով ոչ մի կոպեկ չի ստանալու, այլ ձեռք է բերելու թշնամիներ` ի դեմս բուքմեյքերական ընկերությունների։

Նրա խոսքով` եթե 2010 թ. շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մեջ կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր շուրջ 14 մլրդ դրամ, ապա 2023 թ․ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրլն դրամի։ Սա այն դեպքում, ըստ նրա, երբ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ։

Տեսանյութեր

Լրահոս