
«Մակրոնն անձամբ է ամիսը մեկ ռեժիմով ողջագուրվել Նիկոլի հետ, անձամբ է լռել, երբ Նիկոլը Հայաստանում կեղտոտ սմբակներով ոտնահարում էր մարդու իրավունքները»․ Միհրան Հակոբյան

Պատմաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կան վկայություններ, որ 1945-ի մայիսի 8-ի գիշերը, երբ ֆելդմարշալ Քեյթելը մտել է դահլիճ, որպեսզի Երկրորդ աշխարհամարտում հաղթողների ներկայությամբ ստորագրի Գերմանիայի կապիտուլացիայի մասին ակտը, նկատելով, որ դահլիճում է նաև Ֆրանսիայի պատվիրակությունը, ասել է՝ «մենակ չասեք, որ սրանց էլ ենք պարտվել…»:
Սա շատ խոսուն դրվագ է այն մասին, որ Պոտսդամյան աշխարհում Ֆրանսիան միշտ բարդույթավորված է եղել Երկրորդ աշխարհամարտում նախ Գերմանիայից կրած ծանր պարտության, այնուհետև Վիշիի կոլաբորացիոնիստական ռեժիմի գործունեության հետևանքով:
Լինելով ամերիկյան օկուպացիայի գոտում, բայց միաժամանակ լինելով միջուկային տերություն և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ֆրանսիան միշտ ձգտել է ազատվել Երկրորդ աշխարհամարտի բարդույթից ու սեփական կշիռն ի ցույց դնել: Դը Գոլի Ֆրանսիան, նույնիսկ, դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական բլոկից՝ պահպանելով միայն դաշինքում քաղաքական ներկայությունը: Ամերիկացի զինվորականները պատմում են, որ 1970-ականներին Վաշինգտոնում գիտեին, որ ֆրանսիական միջուկային հրթիռներն ուղղված են միայն ԽՍՀՄ-ի վրա, բայց երբ ամերիկացիները ֆրանսիացիներին հարցնում էին՝ ձեր հրթիռներն ամերիկյան քաղաքների վրա ուղղված են, թե ոչ, ֆրանսիացիները երբեք չէին պատասխանում. ոչ հերքում էին, ոչ էլ հաստատում էին: Սառը պատերազմի տարիներին Ֆրանսիան միակ ՆԱՏՕ-ական երկիրն էր, որը փորձում էր ինքնուրույնություն պահպանել ԱՄՆ-ից և սեփական ռազմարդյունաբերությունն էր զարգացնում՝ օդում, ջրում և ցամաքում:
Այս տարիներին Ֆրանսիան նաև աչքաթող չէր անում Գերմանիային՝ նախ ելնելով 100 տարվա ընթացքում երկու անգամ գերմանացիներից ջախջախված լինելու բարդույթից, հետո նաև՝ վախերից: Հասկանալով, որ տնտեսապես Գերմանիայի հետ մրցակցելն իրատեսական չէ՝ Սառը պատերազմի ժամանակների Ֆրանսիական արտաքին քաղաքական ստրատեգիան որդեգրել էր մի հայեցակարգ, համաձայն որի՝ Ֆրանսիան ոչ թէ խնդիր է դնում տնտեսապես հավասարվել Գերմանիային, այլ խնդիր է դնում, որ տենտեսապես Ֆրանսիայից զարգացած Գերմանիան երբեք միջուկային զենք չունենա:
Միաժամանակ Ֆրանսիայի հանդեպ ունեցած գերմանական տնտեսական առավելությունը չպետք է կրիտիկական մասշտաբների հասներ, այսինքն՝ կարելի է Գերմանիայից տնտեսապես հետ լինել, բայց ոչ այնքան, որ դա վերածվի տնտեսական գերիշխանության: Զուգահեռ Ֆրանսիան Գերմանիայի հետ տնտեսական միություն՝ ապագան ԵՄ էր զարգացնում:
Այսպիսով, Սառը պատերազմի տարիների աշխարհաքաղաքական իրողություններն ու ռազմական բալանսը ստեղծել էին մի իրավիճակ, երբ Ֆրանսիան արևմտյան ճամբարում էր, բայց ինքնուրույնության զգալի հնարավորություններ ուներ, որովհետև հիմնական ախոյանը՝ Գերմանիան, օկուպացված էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից, թեև Գերմանիայի օկուպացիայի փաստը, բնավ, չէր փարատում ֆրանսիացիների վախերը: Կա հայտնի սկանդալի պատմություն. 1983թ.-ին ԳԴՀ հետախուզությունը՝ Շտազին, ձեռք էր բերել Ֆրանսիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ծրագրերի մասին փաստաթղթեր և դրանք փոխանցել էր ԳՖՀ-ին: Համաձայն այդ փաստաթղթերի՝ եթե սովետական բանակը շարժվեր դեպի Արևմտյան Եվրոպա, ապա Ֆրանսիան խորհրդային զորքերին միջուկային հարված էր հասցնելու ԳՖՀ տարածքում: Այսինքն՝ սովետական ներխուժումը կասեցնելուն զուգահեռ Ֆրանսիան ցանկանում էր ազատվել նաև վաղեմի գլխացավանքից՝ Գերմանիայից: Ինչ խոսք, սկանդալի մասշտաբը մեծ էր, և մեծ ջանքեր էլ պահանջվեցին, որպեսզի ՆԱՏՕ-ում ֆրանս-գերմանական այս տհաճ միջադեպը հարթվի:
Արդեն հետսառըպատերազմյան աշխարհում բոլորիս աչքի առաջ Ֆրանսիան աստիճանաբար հրաժարվեց ինքնուրույնությունից՝ վերածվելով ԱՄՆ վերնախավի նեոլիբերալ հատվածի կցորդի: Նախ, Սարկոզին Ֆրանսիան վերադարձրեց ՆԱՏՕ-ի ռազմական բլոկ, ինչը սոցիալիստ նախագահ Օլանդը միայն ամրապնդեց ու ամրագրեց:
Բանը հասավ նրան, որ 2017-ին տրանսատլանտյան բիզնեսի՝ Ռոտշիլդների բանկի աշխատակից Մակրոնն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, ով վերջնականապես Ֆրանսիան վերածեց ԱՄՆ արտաքին քաղաքական կցորդի:
Ինչու՞ գործընթացները զարգացան այս սցենարով. երևի կզարմանաք, բայց պատասխանը կրկին նույնն է՝ Գերմանիա: Խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումն ու Վարշավյան համաձայնագրի լուծարումը, այլ կերպ ասած՝ Արևելյան Եվրոպայի դեօկուպացիան Ֆրանսիայի համար ստեղծել է Գերմանիայի վերջնական դեօկուպացիայի վտանգ: Ավելի քան 30 տարի է օդում կախված հարց կա՝ եթե Եվրոպայում չկա այլևս սովետական օկուպացիա, ինչու՞ կա ամերիկյան օկուպացիա:
Արդեն խոսել ենք, որ Եվրոպայում ամերիկյան զորքերը պահելու միակ գործիքը ՆԱՏՕ-ն է, և հենց դրա համար Ֆրանսիան հետ վազեց ՆԱՏՕ-ի ռազմական բլոկ: Հետ վերադարձավ, որ հնարավորինս ամրապնդի ամերիկացիների դերքերը, չէ որ մի օր Գերմանիան կարող էր ասել՝ ինչու՞ պետք է Ֆրանսիան փաստացի ՆԱՏՕ-ում չլինի, իսկ Գերմանիան՝ լինի: Չէ որ հիմա աշխարհում իրողություններն ու ուժերի բալանսն այնպիսին են, որ մի օր կարող է գերմանացիներն ընդհանրապես ԱՄՆ-ից պահանջեն, որ զորքերը դուրս հանի Գերմանիայից: Չէ որ 1945-ին օկուպացված Գերմանիան հետևողականորեն լուծում է իր խնդիրները. սկզբում լուծել է տնտեսական ու տեխնոլոգիական պոտենցյալի վերականգման հարցը, հետո՝ վերամիավորման հարցը, հաջորդիվ օկուպացիայից ազատվելն է ու ձեռքերի ազատություն ստանալը: Միամիտ չլինենք. աշխարհում բոլորը գիտեն, որ Գյոթե ու Շիլլեր, Բախ, Բեթհովեն, Հեգել ու Հայդեգեր ծնած գերմանացի «խորքային ժողովուրդը», թեև չի բարձրաձայնում, բայց չի մոռացել ոչ Էլզասն ու Լոթարինգիան, ոչ Սուդետները, ոչ Դանցիգն ու Արևելյան Սիլեզիան, ոչ էլ Քյոնիքսբերգը (Կալինինգրադ):
Չոր նստվածքում կա այն, որ Ֆրանսիան դարձել էր ԱՄՆ նեոլիբերալ վերնախավի կցորդը, որպեսի կարողանա ապահովել Գերմանիայի ամերիկյան օկուպացիայի շարունակությունը: Միաժամանակ, ԱՄՆ-ից Ֆրանսիան ստացել էր Աֆրիկայում Արևմուտքի դիրքերը պահելու չգրված մանդատը, որը վերջին տարիներին ֆրանսիացիները հաջողությամբ մսխել են, քանզի Աֆրիկայում արևմտյան շահերի գոտիներն ամբողջովին կլանել է Չինաստանը, իսկ ինչն էլ չի հասցրել կլանել Չինաստանը, կլանել է Ռուսաստանը: Ահա այսպիսի իրավիճակում Ֆրանսիան դիմավորեց ԱՄՆ-ում իշխանության համար պայքարում նեոլիբերալ վերնախավի պարտությունը ու ծայրահեղ աջ պահպանողականների հաղթանակը: Արևմուտքի առաջնորդի՝ ԱՄՆ-ի նոր կառավարիչները, կարծես, ոտքից գլուխ փոխում են թե արևմտյան արժեքների, և թե արևմտյան քաղաքակության մասին պատկերացումները: Մինչդեռ Մակրոնի Ֆրանսիան շարունակում է նախորդ ընթացքը:
Օրինակ՝ Հայաստանում Ֆրանսիան արևմտյան պետություններից միակն է, որը շարունակում է լինել Նիկոլի ռեժիմի պահապանը: Բանը հասել է նրան, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անձամբ է Նիկոլի օգտին բացահայտ ու լկտի ստում՝ հայտարարելով, թե Նիկոլից առաջ Արցախն արդեն հանձնված էր: Մակրոնին դեռ թվում է, թե Ֆրանսիայի արևելյան քաղաքականության գործիքակազմում Նիկոլը պիտանելիության ժամկետում գտնվող վեցնոց է, որին կարելի որպես մանրադրամ օգտագործել ռուսների, թուրքերի, իրանցիների և այլոց հետ քաղառևտրային հարաբերություններում:
Աֆրիկան ոտքին գցած Մակրոնն, իհարկե, չի սխալվում՝ վեցնոց է, միայն թե վեցնոցի պիտանելիության ժամկետն անդառնալիորեն ավարտված է: Եվ, եթե Ամերիկայում արդեն ամեն ինչ հասցրել են բարդել նեոլիբերալ նախկին էլիտաների վրա, Ֆրանսիային դա չի հաջողվելու՝ Մակրոնն անձամբ է ամիսը մեկ ռեժիմով ողջագուրվել Նիկոլի հետ, անձամբ է լռել, երբ Նիկոլը Հայաստանում կեղտոտ սմբակներով ոտնահարում էր մարդու իրավունքները, սեփականության ու բարի համբավի իրավունքը, խոսքի ազատությունն ու արդարադատությունը, այն ամենն, ինչ Մակրոնի Ֆրանսիան ժողովրդավարություն, ազատություն ու ժողովրդավարական արժեքներ է հայտարարել»: