Ե՞րբ Նիկոլ Փաշինյանի խելքին հասավ, որ այն ժամանակ իր հայտարարությունները սադրանք չէին, հիմա կարող են սադրանք լինել. Դավիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ տեսնելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարները, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի խոշտանգումը, կիսում է բոլոր զգացմունքները։

«Մենք աշխարհն ավելի լավ իմանալու ու ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, որ մենք բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հիմա նրանք դուրս են գալու, ու հարցը լուծվելու է։ Ո՛չ, այդպես չէ։ Այս ու բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք՝ սկսած ինձնից»,- նշել է նա։

Ըստ նրա՝ սենտիմենտները՝ սենտիմենտներ, բայց նաև պետք է փորձել բանաձևերով, ինչն անում են իրենք։

Նա նշել է, թե բոլոր բանակցություններում բարձրացնում են ռազմագերիների հարցը։

Կարդացեք նաև

«Ընդ որում, մենք այդ հարցը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում, այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում»,-  ասել է Փաշինյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը հարց է ուղղում Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ այդ ե՞րբ իր խելքին հասավ այն, որ պետք չէ ամեն ինչ բարձրաձայնել ամբիոնից։

«Երբ Արցախում գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», արդյո՞ք նա այդ ժամանակ մտածում էր, որ իր ասածները սադրանք է, և սադրանքի համար այդ ամենն արեց։ Թե՞ այդ ամենից հետո հասկացավ, որ բարձր ամբիոնից ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել։ Սա պետք է ճշտել Նիկոլ Փաշինյանից, նա սադրում էր Ադրբեջանին, թե այնպիսի տեղեկատվություն ունի, որ բարձրաձայնի՝ Ադրբեջանում իշխանափոխություն տեղի կունենա։ Հետո էլ իր պաշտպանության նախարարը հայտարարում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Այսինքն՝ այն ժամանակ այս հայտարարությունները սադրանք չէի՞ն, հիմա կարող են սադրա՞նք լինել»,168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։

Նա շեշտեց՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու Բաքվում պահվող այլ ռազմագերիների հարցով այսօր ՀՀ իշխանությունը ոչ միայն չի բարձրաձայնում, այլև առհասարակ որևէ գործողություն չի անում։ Հետևաբար, իշխանությունները մեղադրվում են անգործության մեջ։

«Այո, Բաքվում հայերի  խոշտանգումներից հետո հանրությունն իր ձայնը բարձրացրեց, իշխանություններն էլ քաղաքական շահից ելնելով, իրենց աթոռները պահելու համար, որպեսզի հանրությունը փողոց դուրս չգա ու իրենց անգործության մեջ չմեղադրի, Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց իրավիճակը մեղմելու համար։

Համոզված եմ, եթե երեկ հանրության պահանջը չլիներ, ապա Փաշինյանը նման արտահայտություն չէր անի»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց՝ եթե ԱԳ նախարարը նիստ հրավիրեր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ, ապա դա գործին որևէ կերպ չէր խոչընդոտի։

«Այդ գործընթացի մեջ ես որևէ ռիսկ չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ իշխանությունների համար ռիսկ ու մեծ վտանգ կարող է լինել, երբ այդ ամենից հետո հնարավոր լինի մեր հայրենակիցներին վերադարձնել հայրենիք, մեծ վտանգ կստեղծվի Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Դրա համար այդ քայլը ինքը չի անում»,- հավելեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս