Իշխանությունը 7 տարում 7 անգամ ավելացրել է գյուղատնտեսության ֆինանսավորումը՝ արձանագրելով աննախադեպ անկում

Նիկոլ Փաշինյանը հաճախ է քաղաքացիներին հիշեցնում պետության նկատմամբ իրենց պարտքը կատարելու ու հարկերը պարտաճանաչ վճարելու մասին։ Բայց թե ինչպե՞ս են ծախսվում այդ գումարներն ու ի՞նչ արդյունք են տալիս, խուսափում է ասել։ Որ հարկատունների վճարած հարկերը շատ հաճախ մսխվում են ու չեն ծառայում իրենց նպատակին, փաստերը բազմաթիվ են։ Անդրադառնանք դրանցից մեկին։

Երբ նոր էր պատրաստվում ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր գյուղատնտեսությունը հեղափոխական տեմպերով զարգացնելու մասին։ Հավանաբար այդ նպատակով էլ վերջին տարիներին միլիարդներ են տվել գյուղատնտեսությանը։ Տվել են, բայց բացարձակ արդյունք չեն ստացել։ Գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ մեծապես կրճատվել է։

Յոթ տարի առաջ այն հասնում էր 15-16 տոկոսի, հիմա ընդամենը 9 տոկոսն է։

Եվ սա պետական բյուջեից միլիարդներ ծախսելուց հետո։ Ամիսներ առաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գլուխ էր գովում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը, որ վերջին տարիներին շուրջ 7 անգամ մեծացրել են ոլորտին տրամադրվող պետական աջակցության մասնաբաժինը։ Այս տարվա սկզբին էլ հրավիրված մամուլի ասուլիսում հպարտանում էր, թե 2021թ. համեմատ գյուղոլորտի ծախսերը կրկնապատկել են։

Կարդացեք նաև

«Եթե 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023թ., 2024թ. և 2025թ. այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ: Նախատեսում ենք 42-43 մլրդ դրամ ծախսել գյուղատնտեսության վրա 2025 թվականին»,- ոգևորված հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը՝ հավելելով, որ գյուղատնտեսության ոլորտի պետական ծախսերի ավելացումները տալիս են իրենց արդյունքները։ Հիմա տեսնենք, թե ինչ արդյունք են տվել ու տալիս այդ հատկացումները։ Գյուղատնտեսությունը հեղափոխական տեմպերով զարգացնող իշխանությունն առաջին իսկ տարում 7,6 տոկոսանոց անկում գրանցեց։ Հաջորդ տարի՝ նույնպես. Այս անգամ ոլորտի համախառն արդյունքը կրճատվեց 4,2 տոկոսով։ 2020թ. անկումը պահպանվեց ու կազմեց 4,1 տոկոս։ 2021թ՝ 0,8, իսկ 2022թ.՝ 2,8 տոկոս անկում եղավ։

Հինգ տարվա անընդմեջ նվազումից հետո, 2023թ. ընդամենը 2,9 տոկոս աճ գրանցվեց։ Անցած տարի էլ աճը կազմեց 1,6 տոկոս։  Յոթ տարում անկումն ավելի մեծ է եղել, քան աճը։ Ու դա տեղի է ունեցել հարկատուների վճարած գումարներից ոլորտում արվող հատկացումները 7 անգամով ավելացնելու պայմաններում։

Պետության սուղ միջոցներից հսկայական գումարներ են ծախսել, տարբեր ծրագրեր են իրականացրել, սուբսիդավորել են գյուղվարկերը, բայց արդյունքում գյուղատնտեսության արտադրանքի ծավալները չեն ավելացել։ Դա ակնհայտ երևում է նաև անցած տարվա ցուցանիշներում։ Գրեթե բոլոր առանցքային ճյուղերում անկում է գրանցվել։

Հացահատիկի և հատիկաընդեղենի արտադրությունը կրճատվել է շուրջ 25 տոկոսով։

Ընդամենը 218.000 տոննա բերք է ստացվել։ Այն պարագայում, որ Հայաստանի միայն ցորենի պահանջարկը հասնում է 450-460.000 տոննայի։

Դրա 90 տոկոսը ներկրվում է մի երկրից, որի հետ վերջին շրջանում իշխանությունները հնարավորինս փչացնում են հարաբերությունները՝ առանց մտածելու հետևանքների մասին։

Պարենային անվտանգության ապահովման համար Հայաստանը բարդագույն խնդիրների առաջ է։ Այդ խնդիրները լուծելու համար ներքին ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարը, որը պատասխանատու է նաև գյուղատնտեսության համար, հայտարարում է, թե ցորենի արտադրությունը Հայաստանի համար տնտեսապես ձեռնտու չէ։ Ոչինչ, որ խոսքը մի ապրանքատեսակի մասին է, որի նշանակությունը չափվում է ոչ տնտեսապես ձեռնտու լինել-չլինելով, այլ կարևորությամբ։

Զարմանալի չէ, որ պետական մակարդակով նման վերաբերմունքի պայմաններում հացահատիկի արտադրությունը Հայաստանում տարեցտարի նվազում է։

Դատելով ցանքատարածությունների ծավալներից՝ նույնը սպասվում է նաև այս տարի։

Պաշտոնական տվյալներով, անցած տարի կատարվել է 50.000 հեկտարից պակաս աշնանացան, ինչը նախորդ տարվանից գրեթե 13 տոկոսով քիչ է։

Անցած տարի միայն հացահատիկի բերքը չէ, որ նվազել է։ Կրճատվել են կարտոֆիլի արտադրության ծավալները՝ գրեթե 7,4 տոկոսով, 8 տոկոսով պակաս խաղող է ստացվել։ Անկում է գրանցվել նաև պտղի արտադրության ոլորտում։ Միայն բանջարեղենի արտադրությունն է, որ մի փոքր ավելացել է։ Ու հիմնականում դրա շնորհիվ է եղել բուսաբուծության ոլորտի այն 0,9 տոկոսանոց աճը, ինչը ստացվել է տարիներ շարունակ գյուղատնտեսության մեջ արձանագրված անկումներից ու կատարված միլիարդավոր դրամների հասնող պետական միջոցների տրամադրումից հետո։

Ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում, գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերը 7 անգամով ավելացրել են, իսկ այդ ընթացքում հացահատիկի արտադրությունը կրճատվել է, կարտոֆիլինը՝ կրճատվել է, խաղողինը՝ կրճատվել է, պտղինը՝ կրճատվել է, բանջարեղենինը՝ կրճատվել է։

2017թ., երբ դեռ 7 անգամով չէին ավելացրել գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, Հայաստանում արտադրվել էր 302.000 տոննա հացահատիկ, անցած տարի արտադրվել է 218.000 տոնա՝ 84.000 տոննայով պակաս, 2017թ. արտադրվել էր 547.000 տոննա կարտոֆիլ, անցած տարի արտադրվել է 337 հազար տոննա՝ 210.000 տոննայով պակաս, 2017թ. արտադրվել էր 861.000 տոննա բանջարեղեն, անցած տարի արտադրվել է 636.000 տոննա՝ 225.000 տոննայով պակաս, 2017թ. արտադրվել էր 210.000 տոննա խաղող, անցած տարի արտադրվել է 196.000 տոննա՝ 14.000 տոննայով պակաս, 2017թ. արտադրվել էր 361.000 տոննա պտուղ, անցած տարի արտադրվել է 345.000 տոննա՝ 16.000 տոննայով պակաս։

Այսպես են հեղափոխական տեմպերով զարգացրել գյուղատնտեսությունը։ Յոթ տարում 7 անգամով ավելացրել են գյուղատնտեսության ոլորտի ծախսերը, իսկ արդյունքներն ահա սրանք են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս