Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լիբանանում ֆրանսիացի զինվորների մահը որակել է որպես ռազմական հանցագործություն
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ռազմական հանցագործություն է որակել հարձակումը, որի հետևանքով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկու ֆրանսիացի զինվոր է սպանվել և որի իրականացման մեջ նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է արմատական «Հեզբոլլահ» շարժմանը։ Այս մասին հայտնում է France24-ը։
«ՄԱԿ-ի խաղաղապահների՝ տեղում հստակորեն նույնականացվող զինվորների վրա այս կերպ հարձակումը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլև հարձակում ամբողջ միջազգային հանրության վրա», – ասել է Բարոն։
Հարձակումը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին Լիբանանի հարավում։ Զինվորներից մեկը տեղում մահացել էր, մյուսը ծանր վիրավորմամբ տեղափոխվել էր Ֆրանսիա, որտեղ էլ մահացել էր ապրիլի 22-ին։ Եվս երկու զինվոր վիրավոր է։
Լիբանանի բանակը հայտարարել է, որ իրականացնում է անհրաժեշտ հետաքննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու և ներգրավված անձանց ձերբակալելու համար։



