ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կդիտարկի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ապրիլի 23-ին հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը։
Առաքելությունը ձևավորվել է ՀՀ իշխանությունների հրավերի հիման վրա և հիմնավորվում է նախընտրական կարիքների գնահատման արդյունքներով։
Առաքելության՝ 13 փորձագետներից բաղկացած հիմնական թիմը կգործի Երևանում՝ Յանեզ Լենարչիչի ղեկավարությամբ։
Մայիսի 1-ից երկրի ամբողջ տարածքում կաշխատեն 30 երկարաժամկետ դիտորդներ։ ԺՀՄԻԳ-ը նաև կտեղակայի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։
Հիմնական թիմի փորձագետներն ու երկարաժամկետ դիտորդները ԵԱՀԿ անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ են։
«Դիտորդական այս առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը ԵԱՀԿ հանձնառությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների լույսի ներքո։ Մենք դիտարկելու ենք ոչ միայն բուն ընտրությունները, այլ նաև այն միջավայրը, որում դրանք տեղի են ունենալու»,– ասել է Լենարչիչը։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքելությունը սերտորեն դիտարկելու է ընտրությունների բոլոր հիմնական գործընթացները՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը (ներառյալ սոցիալական ցանցերում), քարոզարշավի ֆինանսավորումը, ընտրական վարչարարությունը՝ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, իրավական դաշտը, ապատեղեկատվության հայտնաբերման համար իշխանությունների կողմից ներդրված ինստիտուցիոնալ մեխանիզմները, լրատվամիջոցների կողմից լուսաբանումը և ընտրական վեճերի լուծման գործընթացը։
Դիտորդները նաև գնահատելու են ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների իրականացման հարցում առաջընթացը։
«Մեր դիտարկման շրջանակներում հանդիպելու ենք ընտրական գործընթացներում ներգրավված և այդ գործընթացների ազդակիր հանդիսացող շահակիցների հետ (իշխանությունից և քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ և միջազգային հանրություն) ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի ողջ տարածքում։ Այս մոտեցումը մեզ թույլ կտա ձևավորել համապարփակ և հավասարակշռված պատկերացում Հայաստանի ողջ տարածքում ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ»,– նշել է Լենարչիչը։
Ընտրությունների օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները կմինան ԺՀՄԻԳ առաքելության ջանքերին։
Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԺՀՄԻԳ-ը կհրապարակի միջանկյալ հաշվետվություն՝ հանրությանը և լրատվամիջոցներին տեղեկացնելու դիտորդական առաքելության գործունեության մասին։
Ընտրությունների հաջորդ օրը առաքելության նախնական եզրակացություններն ու արդյունքները կներկայացվեն համատեղ կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։
Վերջնական հաշվետվությունը, որը տրամադրելու է համապարփակ գնահատական և գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կհրապարակվի ընտրություններին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում։
ԺՀՄԻԳ-ը Հայաստանում դիտարկել է 12 ընտրություն, որոնցից վերջինը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։
ԺՀՄԻԳ-ը ընտրական դիտորդական առաքելություն իրականացնում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում։
Այս դիտորդական առաքելությունները գնահատում են, թե որքանով են քարոզարշավի ընթացքում պահպանվում հիմնարար ազատությունները և արդյոք ապահովվում է հավասարությունը, համընդհանուրությունը, քաղաքական բազմակարծությունը, վստահությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունները մշտադիտարկելու դիտորդական մանդատի հիմքը 1990 թ.-ի ԵԱՀԿ Կոպենհագենյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթուղթն է։ Գրասենյակի ստեղծմանը հաջորդող ավելի քան 30 տարիների ընթացքում ԺՀՄԻԳ-ը տեղակայել է ավելի քան 470 առաքելություն։



