
Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին հնարավոր է զինադադարի հասնել. Մակրոնը՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող է հրադադար ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Հրադադարին պետք է հաջորդեն բանակցությունները երկարաժամկետ խաղաղության շուրջ։ Եվրոպան, ըստ Մակրոնի, պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ այնտեղ խաղաղապահ զորակազմ ուղարկել։
«Առաջին հերթին պետք է զինադադար։ Կարծում եմ, որ դա հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե դա չլինի, ապա սա լավագույն ապացույցը կլինի, որ Ռուսաստանը դրան լուրջ չի վերաբերվում»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ զինադադարի ընթացքում հնարավոր կլինի բանակցել երկարաժամկետ խաղաղության, անվտանգության երաշխիքների, տարածքի և Ուկրաինայի վերականգնման շուրջ։ ԱՄՆ-ն կկարողանա հազվագյուտ հողային մետաղների մասին համաձայնագիր կնքել, որը, Մակրոնի կարծիքով, կլինի լավագույն երաշխիքը, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր չպետք է «լինի Ուկրաինայի կապիտուլյացիա», այն պետք է ապահովվի անվտանգության երաշխիքներով։
Նման երաշխիքների հնարավոր տարբերակների թվում Մակրոնը նշել է Կիևին օգնությունը, որպեսզի այն ունենա «ուժեղ բանակ» (նվազագույնը 800 հազար զինծառայող ) և Ուկրաինա եվրոպական խաղաղապահ զորախումբ ուղարկելու պատրաստակամությունը։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ իրենք մշակում են առաջարկ, որը կներառի եվրոպական զորքերի տեղակայումը «ոչ թե առաջին գծում, այլ խաղաղության համաձայնագրում նշված առանձին վայրերում»։
Մակրոնն ասել է, որ արդեն քննարկել է իր առաջարկները 30 այլ եվրոպացի առաջնորդների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։