ԵՄ-ն ցանկանում է օգտակար հանածոների շուրջ իր սեփական համաձայնագիրը կնքել Կիևի հետ

ԵՄ երկրները Կիևի հետ քննարկում են Ուկրաինայի ընդերքի շահագործման և հազվագյուտ մետաղների արդյունահանման վերաբերյալ սեփական համաձայնագիրը՝ ԱՄՆ-ից առանձին։ Այս մասին հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը։

«Եվրոպային անհրաժեշտ 30 խիստ կարևոր օգտակար հանածոներից 21-ը կարող է Ուկրաինայի կողմից տրամադրվել փոխշահավետ գործընկերության շրջանակներում», – հայտարարել է Սեժուրնեն՝ ամփոփելով փետրվարի 24-ին Կիևում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ անցկացված բանակցությունները։

Սեժուրնեն, որը նաև զբաղեցնում է ԵՄ բարգավաճման ու արդյունաբերական ռազմավարության համար պատասխանատու եվրահանձնակատարի պաշտոնը, չի ներկայացրել հնարավոր համաձայնագրի պայմանները, ինչպես նաև հանքանյութերը, որոնց հավակնում են ԵՄ երկրները։

Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։ Փետրվարի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին է հանձնել օգտակար հանածոների մասին համաձայնագրի տեքստը։ Զելենսկին, որն ավելի վաղ հայտնել էր գործարք կնքելու իր պատրաստակամության մասին, այն չստորագրեց ո՛չ Բեսենթի հետ կայացած հանդիպման ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ՝ որպես փոխհատուցում ամերիկյան օգնության դիմաց։ Ըստ Kyiv Independent-ի՝ Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը, քանի որ այն չի պարունակել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև նշված գումարը հինգ անգամ գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից որպես դրամաշնորհ հատկացված 100 միլիարդ դոլարը։

Տեսանյութեր

Լրահոս