Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ ընկերություն են հիմնել
Վրաստանի, Ադրբեջանի, Հունգարիայի և Ռումինիայի էներգետիկ համակարգի օպերատորները համատեղ ձեռնարկություն են ստեղծել Ադրբեջանից Վրաստանով և Սև ծովով դեպի Ռումինիա բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագծի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia լրատվական գործակալությունը։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հաջողությամբ ավարտվել է Green Energy Corridor Power Company – GECO POWER COMPANY համատեղ ձեռնարկության գրանցման գործընթացը:
Հիմնադիր ընկերություններն են՝ «Ազերէներջի» բաժնետիրական ընկերությունը, «Վրացական պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունը, հունգարական MVM սահմանափակ պատասխանատվությամբ էներգետիկ մասնավոր ընկերությունը և ռումինական Transelectrica ազգային էլեկտրացանցային ընկերությունը։
Համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է հավասար բաժնետոմսերով, ուստի բոլոր շահագրգիռ կողմերը հավասարապես մասնակցելու են ընկերության կառավարմանը։
Այս փուլում համատեղ ձեռնարկությունը «Կանաչ էներգետիկ միջանցքի» շրջանակներում կզբաղվի գիտահետազոտական և մշակման ու նախագծման աշխատանքներով։Ռազմավարական գործընկերության համաձայնագրով և Կանաչ էներգիայի ոլորտում համագործակցության հուշագրով սահմանված նպատակների իրականացման համար 2023 թվականի հուլիսի 25-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև ստորագրվել է համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է համատեղ ձեռնարկության ստեղծման ընդհանուր սկզբունքները։
Ըստ գործակալության՝ ստորջրյա մալուխի նախագիծը նպաստում է ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, Սև ծովի հաղորդակցային հնարավորությունների ավելացմանը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, վերականգնվող էներգիայի արտադրության ներուժի օգտագործմանը և էներգիայի հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացմանը: