Բաժիններ՝

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ 10% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը՝ 30 օրով կասեցվել

Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել, մինչդեռ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը հետաձգվել է 30 օրով։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքերի սահմանմամբ փորձում է պատժել Չինաստանին դեպի ԱՄՆ անօրինական թմրամիջոցների հոսքը չկասեցնելու համար։ Պեկինի նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը կարող է նոր առևտրային պատերազմի պատճառ դառնալ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև։ 

Դոնալդ Թրամփը Մեքսիկայի և Կանադայի ղեկավարներ Կլաուդիա Շեյնբաումի և Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցների ընթացքում վերջին պահին մաքսատուրքերը կասեցնելու որոշում է կայացրել։ Դրա դիմաց Կանադան և Մեքսիկան պետք է ուժեղացնեն սահմանների պաշտպանությունը՝ դեպի ԱՄՆ անօրինական ներգաղթը և թմրանյութերի մաքսանենգությունը կանխելու համար։  

Չինաստանի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծինփինի հետ հեռախոսազրույց է պլանավորում այս շաբաթվա վերջին։ ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է ավելացնել չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, եթե Պեկինը չդադարեցնի ֆենտանիլի հոսքն ԱՄՆ։

«Հուսով ենք՝ Չինաստանը կդադարի մեզ ֆենտանիլ ուղարկել, իսկ եթե չդադարի, ապա մաքսատուրքերը զգալիորեն կավելանան», – ասել է Թրամփը փետրվարի 3-ին։ 

Չինաստանը հայտարարել է, որ ֆենտանիլն ԱՄՆ-ի խնդիրն է, ինչպես նաև նախազգուշացրել պատասխան միջոցների մասին, սակայն միևնույն ժամանակ բանակցությունների հույս է հայտնել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս