Արամ Ա-ն հանդիպել է ՀՅԴ պատվիրակությանը. անդրադարձել են ցեղասպանության մասին հայտարարությունների բացասական հետևանքներին
Անթիլիասի Մայրավանքում փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությանը, որի կազմում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա Վեհափառ Հայրապետի պաշտոնական էջից։
Հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները, Միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։