Հնարավոր է լինեն նաև բարդություններ, լիարժեք չապաքինված՝ վարակվել մեկ այլ վիրուսով. Մերի Տեր-Ստեփանյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մտահոգել քաղաքացիներին, քանի որ այն համատարած է։ Շատ դեպքերում վիրուսով վարակված մարդիկ ապաքինվում են, սակայն 1-2 օր անց՝ նորից վարակվում, երբեմն ապաքինման համար երկար ժամանակ է անհրաժեշտ։

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ այս պահին հանրապետությունում շրջանառվում են օդակաթիլային ինֆեկցիաների մի քանի հարուցիչներ՝ սեզոնային վերելքի հետ կապված։

«Իհարկե, մենք նշում ենք, որ այսօր գրիպը դոմինանտ է և ավելի հաճախ հանդիպում է գրիպը, բայց կան տարբեր վիրուսներ, «Բոկա», «Գրիպ Բ» որոշ չափով հայտնաբերվում է։ Հավանականությունը, որ մարդը մեկ վիրուսից առողջանալով՝ կարող է միաժամանակ վարակվել մեկ այլ վիրուսով, նույնպես չի բացառվում։

Հնարավոր է լինեն նաև բարդություններ, լիարժեք չապաքինված, վիրուսը դեռևս օրգանիզմում լինի, և նորից ունենա կլինիկական ինչ-որ դրսևորում։

Կարդացեք նաև

Բարդությունը կարող է արտահայտվել նախ բրոնխիտ թոքաբորբով, որովհետև օդակաթիլայինների բարդությունը հենց սա է, այսինքն՝ կլինիկորեն դա արտահայտվելու է հազով, ընդհանուր թուլությամբ, ջերմությամբ։ Կարող է բարդանալ ավելի լուրջ խնդիրներով՝ սիրտ-անոթային, նյարդային համակարգի կողմից, որ պահանջում են նեղ մասնագիտական բուժում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է տարածված՝ «թաքնված թոքաբորբ» արտահայտությանը և դրա նախանշաններին, մեր զրուցակիցը նախ ասաց, որ «թաքնված թոքաբորբն» ավելի շատ ժողովրդական տերմին է, քան բժշկական։

«Թոքաբորբն արտահայտվում է թուլությամբ, գիշերային քրտնարտադրությամբ, հազով, 37.2-37.5 ջերմությամբ, որոշ դեպքերում՝ է՛լ ավելի բարձր ջերմությամբ։ Սրանք են թոքաբոբի ահազանգող նշանները, ինչը, իհարկե, պահանջում է բժշկի խորհրդատվություն և գործիքային հետազոտություն, որպեսզի այն ախտորոշվի։

Եթե ջերմություն չկա, բայց պահպանվում է թուլությունը, քրտնարտադրությունը, քթահոսությունը, հազը, լիարժեք չեն լավացել, ուրեմն ավելի լավ կլինի դիմեն բժշկի։ Չբուժված թոքաբոբը կարող է հետագայում ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնալ»,- շեշտեց Մ. Տեր-Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է վարակված անձանց մոտ արձանագրվող սրտխառնոցին, մեր զրուցակիցն ասաց, որ այդ ամենն ավելի շուտ բնորոշ է նորովարակին, որն անվանում են նաև աղիքային գրիպ։

«Սրտխառնոցը նորովիրուսին բնորոշ կլինիկական ախտանշան է, որը կարող է ավելի երկար ժամանակ պահպանվել։ Սա սովորաբար ինքնուրույն անցնում է, բայց եթե այն երկար ժամանակ շարունակում է անհանգստացնել, պետք է դիմել բժշկի։ Իսկ վիրուսից պաշտպանվելու համար պետք է մարդաշատ վայրերում հնարավորինս քիչ լինել, անհատական պաշտպանիչ միջոցներ կրել և ամենակարևորը՝ սեզոնային գրիպի դեմ ժամանակին պատվաստվել»,- նշեց Մ. Տեր-Ստեփանյանը։

Բժշկական գիտությունների դոկտորը նաև տեղեկացրեց, որ վարակակիրների հիմնական մասը մինչև 18 տարեկաններն են, քանի որ երեխաներն իրար հետ ավելի սերտ շփում ունեն, հատկապես փակ կոլեկտիվներում, ուստի նրանց հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է։

«Բայց չենք բացառում, որ ավելի մեծահասակների շրջանում նույնպես դեպքեր կան, ուղղակի նրանք չեն դիմում բուժհաստատություն, մինչև բարդություններ չեն գրանցում։ Իսկ դիմելիությունը մինչև 70 և ավելի դեպքերում՝ մինչև 18 տարեկանների շրջանում է։ Այսինքն՝ նրանց մոտ բարդությունները և անհանգստությունները ծնողին ստիպում են դիմել բուժհաստատություն»,- ընդգծեց Մերի Տեր-Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս