Բաժիններ՝

Ով որքան բաշարեց. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր աշխատակիցներից մեկի տուն է մտել հարևանուհին: Սովորական մի այց՝ կոֆե-մոֆե, սրանից-նրանից, թաղի նորություններից և այլն:

Սովորական զրույցի թեման սպառելուց հետո, սակայն, հյուրը ոտքը կախ է գցել, այնքան ժամանակ, մինչև մի հարմար պահի իմիջիայլոց հարցրել է. «Գնալո՞ւ եք ընտրության»: Այս հարցին բնականաբար հետևել է հաջորդը. «Բա ո՞ւմ եք ընտրելու»: Եվ, ինչպես ասում են, «պոշլո պոեխալո»:

Հարևանուհին սիրտը բացել է, թե ՀՀԿ-ի շտաբից իրեն աշխատանք են տվել, պետք է շենքի բնակիչներին ցուցակագրի, որպեսզի ընտրության օրվանից առաջ փող տան, բերի բաժանի բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն մայիսի 5-ին գնալ ընտրության: Նա ասել է, որ մեկ ընտրողին հասնում է 5 հազար դրամ և հորդորել է թերթի աշխատակցի ընտանիքի անդամներին՝ չհրաժարվել այդ գումարից: Չորս ընտրող, դա կլինի 20 հազար դրամ, քիչ չէ, այն էլ էս թանկացումների շրջանում, մոտավորապես այս տրամաբանությամբ է հարցին մոտեցել հարևանուհին և ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ գումարը վերցնելու դիմաց պահանջվում է` միայն գնալ ընտրության, իսկ թե ում կընտրի ՀՀԿ-ից ընտրակաշաոք վերցնողը, դա արդեն իր գործն է:

Բայց սա դեռ ամբողջը չէ, հարևանուհին ավելի շահավետ բան էլ է աոաջարկել. «Հարսս էլ ԲՀԿ-ի համար ա անում, իրանից էլ վերցրեք, գնացեք՝ ում ուզում եք ընտրեք» բարեկամաբար խորհուրդ է տվել նա:

Ըստ մեր աշխատակցի, այն ընտանիքը, որի սկեսուրը ՀՀԿ-ի փող բաժանողն է, իսկ հարսը` ԲՀԿ-ի, ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, և ՀՀԿ-ի, և ԲՀԿ-ի շտաբներից ստացած գումարը՝ դռնեդուռ մարդկանց ցուցակագրելու դիմաց, իրենց համար շատ կարևոր է:

Այս շատ սովորական, կենցաղային պատմությունից, որի մեջ մեծ հաշվով նորություն չկա, կարելի է բազմաթիվ հետևություններ անել: Օրինակ, որ ընտրակաշառքի տարիֆները բավական ընկել են և բացի այդ` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև համերաշխություն կա դրանց շուրջ: Այսինքն` մեկը մյուսից ավելի գումար չի առաջարկում, մեկը մյուսին այսպիսով չի խանգարում, «ես ինձ համար, դու քո, ով որքան բաշարեց» սկզբունքով:

Արդեն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ընտրակաշաոք բաժանողն էլ վերցնողն էլ այդ երկուսի միջնորդն էլ հասկանում են, որ դա այլևս նախկին ուժը չունի: Ընտրողներին այլևս հնարավոր չէ մոլորեցնել՝ նրա քվեարկությունը ճշտելու մասին հեքիաթներով: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ավելորդ էներգիա չի ծախսվում դրա վրա. մինչ այժմ այս ընտրություններում փող բաժանելու մասին մեր ստացած հիմնական ահազանգերում նշվել է, որ կաշառք վերցնողին «տրվում է» ընտրության ազատություն. կաշառքը միայն ընտրատեղամաս հասնելու համար է:

Արդեն նաև պարզ է, որ ընտրողների մի մեծ խավ վերցնում է տարբեր ուժերի առաջարկած ընտրակաշառքը, կամ բոլորինը միասին, և միևնույն է՝ գնում և ընտրում է նրան, ով ոչինչ չի բաժանում:

Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա ինչպես մեր հրապարակման հերոսն է պատմում, այդ ցուցակները իրենք տանում ներկայացնում են ՀՀԿ-ի շտաբ: Այստեղ հաշվում են, որ օրինակ տվյալ անձի ներկայացրած ցուցակով 50 ընտրող գնալու է ընտրության: Ցուցակը ներկայացնողին են տալիս 250 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտրողին 5 հազար դրամ բաժանելու համար: Ընտրության օրը գումարը վերցրած այս 50 ընտրողի անուններով ցուցակը ձեռքին՝ այն ներկայացնողը կանգնում է ընտրատեղամասի առաջ և պտիչկա դնում եկողների անունների դիմաց: Եթե օրվա վերջում մարդիկ են լինում, որ ընտրատեղամաս ներկայացած չեն լինում, այս մարդը գնում է նրանց ետևից և ուղեկցում տեղամաս:

Հարևանուհին պատմել է, որ նախորդ ընտրություններում եղել են դեպքեր, երբ ընտրողն այդպես էլ չի գնացել ընտրության և իրենք նրանից հետ են վերցրել գումարը:

Հ.Գ. Հարևանուհու գլխում, զրույցի ընթացքում, ընտրակաշառքն ավելի արդյունավետ և ընդհանուր նպատակներով օգտագործելու գաղափար է ծագել. այն է՝ իրենց մուտքից ընտրության գնալու պատրաստակամ մարդկանց հատկացվելիք գումարը ոչ թե մանրացնել ու բաժանել այլ ամբողջությամբ ներդնել վերելակի և շքամուտքերի վերանորոգման մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս