Բաժիններ՝

Զինվորներից հավաքել է նրանց ամսական հասանելիք գումարները

Զինծառայողներին ամսական հասանելիք գումարի մի մասը հավաքելու մեջ մեղադրվող Վարդան Ավետիսյանի գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Վարդան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքից տեղեկանում ենք, որ 2011թ. մայիսից մինչև 2012թ. ապրիլը յուրաքանչյուր ամիս իր ենթակա վաշտի զինծառայողներից հավաքել է ամսական հասանելիք դրամական բավարարումների մի մասը` չթողնելով, որ վերջիններս անձնական հայեցողությամբ տնօրինեն այն: Բացի այդ, Վ. Ավետիսյանը արձակուրդ գնացող զինծառայողներին կարգադրել և նրանց արձակուրդից վերադառնալուց հետո ստացել է տարբեր կենցաղային պարագաներ, թե՛ ընդհանուր վաշտի և թե՛ իր աշխատասենյակի համար:

Պարզվում է նաև, որ Ավետիսյանը 2012թ. փետրվարին, զորամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող Տիգրան Տոնոյանի կողմից մարտական դիրքի կրակի քարտը սխալ գծելու և այդ առիթով գումարտակի շտաբի պետ` Հովհաննես Ասլանյանի կողմից դիտողության արժանանալու համար ծեծի է ենթարկել Տոնոյանին: Բացի վերը նշվածից ՝ Տ. Տոնոյանին մեղադրել է դաշտային հեռախոսը փչացնելու մեջ և կարգադրել, որ վերջինս ծնողներից գումար խնդրի: Զինծառայողի ծնողների կողմից ուղարկված 20 000 ՀՀ դրամ գումարով գնել է նոր դաշտային հեռախոս:

Ժամկետային զինծառայող Գևորգ Մելքոնյանին էլ սեռական բնույթի հայհոյանքներ ու հարվածներ է հասցրել տարածքի մաքրման աշխատանքներին չմասնակցելու համար:

Վարդան Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս