Երևանը փորձում է «սիրաշահե՞լ» Մոսկվային

ՀՀ իշխանություններն Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված մի շարք քայլերից հետո կարծես փորձում են մեղմել Ռուսաստանի Դաշնության հնարավոր արձագանքը։ ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամակցության գործընթացին հավանություն տալուց և Միացյալ Նահանգների հետ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը նախ ֆեյսբուքյան իր էջում, որը վերածվել է հիմնականում ժամանցային հարթակի, հայտարարեց, թե ՀՀ-ի կողմից բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին։

«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել, քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա»,- գրել էր նա՝ ասելով նաև, թե Ֆրանսիայի հետ ՀՀ բարեկամությունն ամրապնդվել է, զարգացել, Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել, քան երբևէ, իսկ ԱՄՆ-ի հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:

Սրան հաջորդեց վերջին տարիների դինամիկայի շրջանակում աննախադեպ իրադարձություն՝ երկար դադարից հետո Փաշինյանի հեռախոսազանգը Կրեմլ, որի ընթացքում, ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանն ու Պուտինն աշխատանքային երկկողմ և ռեգիոնալ հարցեր էին քննարկել, սակայն ռուսական Կրեմլինի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, իսկ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Այդ հեռախոսազրույցին անմիջապես հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան։

Թեև հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պնդում է, որ այցը նախապատրաստվում էր շուրջ 3 ամիս, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասում է, թե այս այցը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի արդյունք է։ Լավրովի խոսքերից ենթադրվում է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում ռուսական կողմը «սիրտը շահելու» նպատակ ուներ։

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ Միրզոյանի այս այցը և Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսը ցույց տվեց ռուսական կողմից ընդգծված ցանկություն՝ հարթելու խնդիրները, դրանք քննարկելու անընդհատ ու անկեղծ մթնոլորտում, ոչ թե հրապարակային դաշտում, այլ պաշտոնական խողովակների միջոցով, Ռուսաստանը հրապարակային ընդգծեց, որ Երևան-Բաքու բանակցություններում ադրբեջանամետ դիրքորոշում չունի, որ քննարկվել է Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսական ներկայության հարցն ու այլ հարցեր։ Իհարկե, ռեալ պոլիտիկը երբեմն էապես տարբերվում է արվող դիվանագիտական հայտարարություններից, սակայն դիվանագիտական ձևակերպումները ևս կարևոր են, և պատահական չէ, որ դիվանագետները համապատասխան հրապարակային խոսքին, դիրքորոշումները հանրայնացնելուն բավականին էական ժամանակ են հատկացնում։

«Նախորդ տարին բարդ էր երկկողմ հարաբերությունների համար։ Մենք այսօր, անկեղծ ասած, վճռական ենք մեր ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահպանվող մթնոլորտի ոգով քննարկել բոլոր այն հարցերը, որոնք օրակարգում են, որոնք կարևոր են ձեզ համար, որոնք կարևոր են Ռուսաստանի Դաշնության համար։

Համոզված եմ, որ մենք այժմ կառուցողականորեն կդիտարկենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք գնահատել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ»,- ասաց Լավրովը Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում։

Իսկ ասուլիսի ընթացքում Լավրովը կարևորեց կողմերի հետաքրքրվածությունը, որպեսզի արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունը չլինի՝ «պղտորելով» ռեգիոնալ մթնոլորտը։ Արարատ Միրզոյանը Լավրովին հրավիրեց Երևան, հրավերն ընդունվեց։

Ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրադարձությունները ցույց են տալիս, որ չնայած Արևմուտքի ուղղությամբ արվող քայլերին, ՀՀ իշխանությունների համար կարևոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները և հատկապես՝ ԵԱՏՄ անդամակցությունը։

Ըստ նրա, հայկական կողմն ինչ-որ փուլում թերևս ունեցավ մտահոգություններ, որ ԵԱՏՄ անդամակցությունն իր բոլոր դրական հետևանքներով կարող է հայտնվել կասկածի տակ, և փորձեց որոշակիորեն թուլացնել խորանալու միտումներով լարվածությունը։

Վերլուծաբանը գտնում է, որ վերջին իրադարձություններից հետո ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա և, թերևս, այդ այցի ընթացքում Արևմուտքի հետ հարաբերությունների հեռանկարների քննարկումն ուղղված է իրավիճակի պարզաբանմանը Երևանի կողմից, ինչն իր հերթին ցույց տվեց, որ Մոսկվան հակված չէ հավելյալ լարվածության Հայաստանի հետ երկխոսությունում։

«Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս որակավորմանը, ապա այն դժվար է որակել բալանսավորում կամ արևմտամետություն, շրջադարձ Ռուսաստանից, քանի որ ՀՀ իշխանությունները որոշակիորեն փորձում են խորացնել հարաբերությունները, սակայն հստակ գիտեն, որ թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր կարգավիճակների ձեռքբերումը տևական ու բարդ գործընթաց է, հայտնի չէ, թե ԵՄ անդամակցության ՀՀ ցանկությունն ի՞նչ իրատեսական արձագանք կստանա ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, կամ այդ ճանապարհին ինչ խնդիրներ ի հայտ կգան, ինչը սովորաբար տեղի է ունենում անդամակցության թեկնածու երկրների դեպքում, որոնցից որոշները տասնամյակներ շարունակ ԵՄ անդամակցության թեկնածու են, ինչպես, օրինակ, Թուրքիան։ Ուստի, կարծում եմ, կան քայլեր, բայց Երևանում ևս վստահ չեն, թե ինչ կլինի, ուստի խզել Մոսկվայի հետ բոլոր թելերը՝ երևի թե չեն ցանկանում»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Նրա կարծիքով, Երևանի դիրքորոշումների վրա անուղղակիորեն ազդեցություն ունի նաև Թեհրանի քաղաքականությունը, ռուս-իրանական հարաբերություններում ի հայտ եկած նոր իրողությունները, ինչպես նաև մերձավորարևելյան զարգացումներն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումները։

«Վերջերս Իրանից բարձրաստիճան պաշտոնյա ժամանեց Երևան, վստահաբար՝ աշխարհաքաղաքական այս հարցերը քննարկվել են, Իրանը ևս անընդհատ ներկայացնում է իր մոտեցումները, որոնք ևս անտեսել հնարավոր չէ»,- նկատեց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս