«Բավականին բարդ տնտեսական իրավիճակ է, քաղաքացիները պետք է պահանջեն լուծումներ. տրանսպորտի հարցն անդրադառնում է յուրաքանչյուրի վրա». Քրիստինա Վարդանյան

Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ մարզերից Երևան եկող տրանսպորտային միջոցների վերջնական կանգառը պետք է լինի ավտոկայաններում։

Սա Երևանի քաղաքային իշխանությունների կողմից, այսպես կոչված, «տրանսպորտային բարեփոխումների» շարքից է։ Այդ «բարեփոխումների» շրջանակներում էլ փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները պետք է ավելի բարձր գին վճարեն՝ կանգառներում ժամերով ավտոբուսի սպասելու, մի կերպ դրանց մեջ խցկվելով երթևեկելու համար։ Երեկ էլ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը քննարկել են Նիկոլ Փաշինյանի հետ, որի վերաբերյալ Փաշինանն իր դիրքորոշումը կհայտնի։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, բնապահպան Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ եթե քաղաքային իշխանությունն ուզում է որևէ փոփոխություն անել հանրային տրանսպորտի գնային քաղաքականության մեջ, ապա պետք է այդ փոփոխությունների մեջ լինի ծառայությունների մակարդակը, որը առաջարկում են քաղաքացիներին։

«Չի կարելի խմոր, չվերջացած, ռիսկերով լի ինչ-որ մի բարեփոխման ծրագիր իրականացնել և ուղղակիորեն բնակչությանը դնել անհասկանալի ու շատ ծանր իրավիճակի մեջ։ Մենք ամեն օր տեսնում ենք այն բացերը, որոնք կան։ Համարում եմ, սկզբնապատճառն այն է, որ համակարգում չեն աշխատում պրոֆեսիոնալ փորձագետներ, որոնք այդ բարեփոխումները պետք է իրականացնեն։ Տեսնում եմ, որ ռիսկերի կառավարում բացարձակապես չկա։ Եթե ռիսկերը պետք է կառավարվեն սկզբի համար պետք է իջեցվեն մինիմումի, բայց այսօր արվում է ուղիղ հակառակը՝ քաղաքային իշխանությունը ներդնում է մի համակարգ և ընթացքում սկսում ուղղել։ Քաղաքապետն էլ նույնիսկ հայտարարում է, թե «մենք ռիսկերի վերհանում պետք է անենք», և դա արվում է կենդանի հյուսվածքի վրայով, այսինքն՝ մարդկանց առողջության հաշվին։

Կարդացեք նաև

Առանց այն էլ վերջին տարիներին մարդիկ անվերջ գտնվում են սթրեսային վիճակում, հիմա էլ նրանց ուսերին դնում են տրանսպորտային այս անհասկանալի բարեփոխումը։ Այստեղ խնդիր ունեն ոչ միայն տարեցները, այլև բոլոր քաղաքացիները, հանրային տրանսպորտը սոցիալական բարձր նշանակություն ունի»,- 168.am-ի հետ զույցում նշեց Քրիստինա Վարդանյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց Մետրոպոլիտենում գրանցված միջադեպի մասին, երբ երեխայի գնած կտրոնը մետրոյում տեղադրված սարքը չէր կարդացել, իսկ աշխատակիցը ստիպել է երեխային, որպեսզի նա կրկին տոմս գնի։
«Ինչո՞ւ պետք է Մետրոպոլիտենի աշխատակիցը երեխային ուղարկի նոր տոմս գնելու համար, եթե քարտում գումարը կա, բայց սարքն այն չի կարդում։ Խնդիրներ կան այդ սարքերի հետ կապված, վարորդների, որ ավտոբուսները կան, բայց բավարար քանակի վարորդներ չկան։ Այսինքն՝ սա ամբողջովին ռիսկերի մեջ թաթախված համակարգ է»,- հավելեց ավագանու անդամը։

Ըստ նրա, երբ հարցի հետ կապված լսումներ անցկացվեցին փոխքաղաքապետի հետ, այս հարցերի մասին ավագանին բարձրաձայնել է, ասել է՝ քաղաքային իշխանությունների ներդրած համակարգը դեռևս պատրաստ չէ։
Քրիստինա Վարդանյանն այս ամենը համեմատում է անփորձ վիրաբույժի հետ, որը փորձ չունի, սակայն մտնում է վիրահատական սենյակ, որպեսզի կատարի վիրահատություն։ Հիվանդի մոտ ի հայտ եկող վտանգները չգնահատելով, սկսում է անհասկանալի գործողություններ իրականացնել, իբր, որ պացիենտը չմահանա։
«Հիմա այս նույն իրավիճակն է Երևանում, ինչն անթույլատրելի է։ Պետք է ամեն ինչ արվեր զուգահեռ, համակարգն աշխատեր, 6-8 ամսվա ընթացքում փորձեին այս ամենն անել։

Եթե քաղաքի ղեկավարն իրեն թույլ է տալիս 20 հազար դոլարով տոմս գնել ու գնալ Միացյալ Նահանգներ, անհասկանալի փորձի փոխանակման համար։ Ինքս՝ որպես ավագանու անդամ, չգիտեմ, այդ այցն ի՞նչ տվեց մեր քաղաքին։ Իսկ քաղաքացին ու թոշակառուները ստանում են ֆիքսված գումար, և տարեվերջին նրանց ասում են, որ թոշակների վերանայում չի լինելու, դուք ստանալու ենք նույն թոշակը, բայց կատարում են նման տիպի մեծ ռեֆորմներ։ Միայն տրանսպորտի բեռը չէ, փոփոխվել է գույքահարկը, վերջերս նաև աղբահանության գումարն են ավելացրել, սկսել են հաշվարկել քմ-ով, այն դեպքում, երբ աղբը գոյացնում են բնակիչները։ Այստեղ ես ուղղակի տեսնում եմ ոչ պրոֆեսիոնալ աշխատանք քաղաքային իշխանության կողմից, ինչն անմիջականորեն անդրադառնում է բնակչության առողջության վրա: Այս ամենը սպառնում է բնակչության կյանքի որակին ու տևողությանը, այսպես կառավարել չի կարելի»,- հավելեց Ք. Վարդանյանը։

Ինչ վերաբերում է մարզային տրանսպորտի Երևան մտնելու արգելքին, Քրիստինա Վարդանյանն ասաց, որ եթե հարցը դիտարկվի զուտ քաղաքային կառավարման տեսանկյունից, ապա լավ կլինի, որ ամբողջ քաղաքում չերթևեկեն։ Սակայն այստեղ կրկին խնդիր կա, քանի որ մարզերից եկող բնակիչների համար հանրային տրանսպորտից օգտվելու համար զեղչային համակարգը չի գործում։

«Պետք է հասկանալ, որ այսօր մեր հանրապետությունում բավականին բարդ տնտեսական իրավիճակ է: Ամենակարևորը քաղաքացին է, ի վերջո, այդ հարկերը քաղաքացին է վճարում։ Եթե նրանց այդ կարգի ծախսերի առաջ են կանգնեցնում ու ասում՝ սա է իրավիճակը, միանշանակ այդ ամենն անում են նրանց առողջության հաշվին։ Մարդիկ, որոնք ապրում են սթրեսը, ժամանակի ընթացքում անդրադառնում է նրանց առողջության վրա։
Մարդկանց ակտիվությունն է պետք այս հարցում, որովհետև մենք այդ փորձն ունեցանք, երբ ծառերի զանգվածային հատումներ էին իրականացնում, քաղաքացիների հետ հավաքվեցինք քաղաքապետարանի մոտ, քաղաքապետն անձամբ իջավ ներքև ու ասաց՝ դադարեցնում են։

Քաղաքացիները պետք է պահանջեն լուծումներ, քանի որ տրանսպորտի հարցը սոցիալական է ու անդրադառնում է յուրաքանչյուրի վրա։

Համարում եմ, որ մինչև փետրվարի 1-ը կարող է որևէ բան փոխվել, լավ կլինի, որ իշխանությունը մի քիչ աչալուրջ լինի քաղաքացիների արդարացի պահանջների նկատմամբ»,- ընդգծեց Քրիստինա Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս