Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը ձգտում է հասնել Բրահիմիի հրաժարականին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային դաշինքը կարծում է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին չի կարողացել կատարել իր վրա դրված առաջադրանքը և պետք է հրաժարական տա:

Այս մասին նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում: Այս տարվա մարտին տեղի ունեցած արաբական գագաթաժողովում դաշինքն ԱՊԼ-ում զբաղեցրել էր Սիրիայի տեղը, որը թափուր էր մնացել 2011 թվականի նոյեմբերից, երբ ներսիրիական բախումների պատճառով դադարեցվել էր պանարաբական այդ կազմակերպությունում Դամասկոսի մասնակցությունը:

Ազգային դաշինքի կարծիքով՝ Բրահիմին, ով օրեր առաջ հերքել էր էր այն լուրերը, թե թողնում է իր պաշտոնը, պետք է հրաժարական տա և ճանաչի իրեն հանձնարարված առաքելության ձախողումը: Ավելին, Ազգային դաշինքը կարծում է, որ Բրահիմիի դիրքորոշումը խոչընդոտում է ՄԱԿ ԱԽ-ում կոնսենսուսի գալու հարցում:

Սիրիացի ընդդիմադիրներին հատուկ վրդովմունք էր պատճառել Բրահիմիի՝ ոչ վաղ անցյալում պատրաստած զեկույցը, որում նա ընդգծել էր, որ Սիրիայում ապստամբների կողմում մարտնչում են հազարավոր օտար վարձկաններ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, որ Լախդար Բրահիմին մտադիր է ձերբազատվել ԱՊԼ-ից և մնալ որպես ՄԱԿ-ի պատվիրակ, քանի որ հիասթափված է ԱՊԼ-ի գործողություններից, որը փաստացիորեն հաշվից հանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և փորձում է հասնել սիրիական ընդդիմությանը որպես «ժողովրդի օրինական ներկայացուցիչ» ճանաչելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս