Ովքեր կարծում են՝ եթե թույլ տան, որ ադրբեջանցիներն իրենց վրա կոշիկ մաքրեն, ողջ ու կուշտ են լինելու, բարբաջում են՝ ի՞նչ է, չե՞նք ապրել ադրբեջանցիների հետ, ասեմ՝ ապրել եք ու կոտորվել. Լարիսա Ալավերդյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Ինձ զուտ հետաքրքրում են հայ հասարակության ու հատկապես՝ գործարար հատվածի շեղված, այլասերված պատկերացումներն ադրբեջանցիների վերադարձի ու այդ ժամանակվա պատմության մասին։ Չե՞ն հիշում Սումգայիթի ջարդերը… Դա ոչ միայն հակաբարոյական ու հակապատմական է, այլև հակաօրինական։ Կարո՞ղ է ավելի քան կես միլիոն հայությունը ծառերի վրայի ծիտիկներ էին։ Չե՞ն հիշում՝ ինչքան հայ կար Ադրբեջանում, ու ի՞նչ եղավ նրանց հետ։ Սա չարամտորեն, նախապես մշակված հրավերք է ադրբեջանցիներին Հայաստանի կողմից։

Կարդացեք նաև

• Ես ճանաչում եմ Հայաստանում այսօր իշխող ՔՊ-ից շատերին, և ժամանակին նրանց մեծ մասն արտահայտվել է Ադրբեջանի օգտին։ Նրանք միշտ էլ ասել են, որ Հայաստանը մաշված պետություն է և չի կարող ինքնուրույն քաղաքականություն իրականացնել։ Դա նրանց համոզմունքն է։ Մենք մեզ հին ազգ ենք համարում, իսկ նրանք՝ մաշված։ Մազաչափ անգամ այս ՔՊ-ական խումբը չի շեղվել նախքան իրենց իշխանության գալնունեցած ծրագրերից ու նպատակներից։ Նրանք դա ոչ միայն փողի համար ենանում, այլև դրա կրողն են։ Այո՛, նրանց համար Շուշին դժգույն քաղաք էր։ Սա է ամենամեծ վտանգը։ Իրենց փող են տալիս, որովհետև իրենք այդպես են մտածում ու դա են իրականացնում՝ այդ ծրագիրն Արցախի ու Հայաստանի դեմ։ Ի վերջո, ամենաանմեղսունակ անձի կողմից է հնչեցվել «արդյո՞ք հայերն ուզում են ունենալ պետություն» թեզը։

• Ադրբեջանը նացիստական պետություն է և ոչ թե զուտ ատում է հայերին, այլ գերագույն ազգ է համարում նոր-նոր կայացած ադրբեջանական ազգը։ Սա գերմանական նացիզմի նորագույն դրսևորումներից մեկն է։ Ու այդ ռասիստական լծի տակ հիմա Ադրբեջանում տնքում են շատ ազգային փոքրամասնություններ։

• Ովքեր այսօր Հայաստանում բարբաջում են, թե՝ ի՞նչ է, չե՞նք ապրել ադրբեջանցիների հետ, պատասխանում եմ՝ ապրել եք, ապրել եք ու կոտորվել։ Այդպես ասող և մտածող մարդիկ պարզապես հիվանդ են։ Պետք է բժշկի դիմեն։ Նրանք ունեն խեղված մտածելակերպ, մտածում են, որ եթե թույլ տան, որ ադրբեջանցիներն իրենց վրա կոշիկները մաքրեն, իրենք ողջ են մնալու ու կուշտ են լինելու։ Մենք ենք երևի մեղավոր, որ ժամանակին չենք տարածել ադրբեջանցիների վայրագությունները գերեվարված կամ պատանդառված հայերի նկատմամբ, այդ դաժան տեսարանները, կադրերը…Բավարար է միայն կարդալ 1988թ․Սումգայիթի ջարդերի դատավարության ժամանակ բաց դատի ընթացքում ադրբեջանցիների տված ցուցմունքները, երբ պատմում էին՝ ինչ էին անում իրենք հայ հղի կանանց ու բարուրի երեխաների հետ… Եթե դրանք չեք կարդում, լսեք այսօրվա ադրբեջանցիների հայտարարությունները, կարդացե՛ք՝ ինչ են պատրաստում նրանք ձեզ համար։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը երեկ գրել էր. «1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։

Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դո՛ւրս», «Մահ հայերին» հակահայկական կարգախոսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ականատեսների վկայություններով՝ ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքև էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էր անում։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայելու էր ադրբեջանցի հայտնի քաղփախստական և քաղաքագետ Արիֆ Յունուսովը։

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի։ Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով, մոտ 20 մետր հեռավորությամբ, անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»,- օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը։

Ջարդերի արդեն երրորդ օրը՝ 1990 թվականի հունվարի 15-ի համարում «Լոս Անջելես Թայմս»-ը գրում է․ «Տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։

• 164.000 ադրբեջանցի է ժամանակին դուրս եկել Հայաստանից, ընդ որում՝ ինքնուրույն։ Եվ թող ինձ ցույց տան, որ ադրբեջանցիներին բռնի տեղահանել են Երևանից, Մասիսից, այլ տեղերից։ Որպես փոքրամասնություն՝ խորհրդային տարիներին ադրբեջանցիներն ավելի շատ արտոնություններից էին օգտվում, քան հայերը։ Ես հիշում եմ, որ Սիսիանում հայերը նույնիսկ դեմ էին, որ ադրբեջանցիները գնան, որովհետև նրանք էին անասնապահությամբ զբաղվում այդտեղ, իսկ հայերը՝ գյուղատնտեսությամբ, նույնիսկ աշխատանքի բաժանում կար միմյանց միջև։ Այդ տարիներին գնացել էի Սիսիան, որովհետև այնտեղի հարս եմ, տեսա, որ ադրբեջանցիներն արտասվում են, չեն ուզում գնալ, համբուրում էին քարերը, հողը… Եսադրբեջաներեն գիտեմ, հարցրեցի՝ ինչի՞ եք գնում, եթե չեք ուզում, ինձ պատասխանեցին՝ մեզ ասել են, ու ցույց տվեցին Ադրբեջանի կողմը։ Բա հիմա ինչո՞ւ է Ալիևը 300.000, այսպես կոչված, փախստականների թիվը հնչեցնում, ինչո՞ւ 164.000-ը դարձավ 300.000, այդ ինչպե՞ս։ Հաշվում են, որ նրանք հետո սերունդ են տվել։ Ասեմ ավելին, այդ տարիներին Հայաստանից հեռացածների 90%-ը փոխանակել է տները, փոխհատուցում է ստացել, ովքեր էլ չեն փոխանակել, ուրեմն տուն չեն ունեցել։ Ադրբեջանցիների վերադարձը միայն Ադրբեջանի ծրագիրը չէ, այլ այսօրվա ՔՊ-ական իշխանության ծրագիրն է։ Նրանք են ուզում Հայաստանը դարձնել տարածք ու կցել Թուրքիային՝ որպես վիլայեթ։ Նիկոլ Փաշինյանն ինչ անում է, անում է համոզմունքով, ոչ թե Ալիևի ճնշման ներքո։

• 2003թ․դեկտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր շտաբ-բնակարանում, 2-րդ մակարդակի պաշտոնատար անձը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ի՞նչ եք խոսում, չէ՞ որ ֆուտուրոլոգները (ապագայագետները)կանխատեսել են, որ մինչև 2050թ․ Հայաստանը Թուրքիայի վիլայեթներից մեկն է լինելու։ Կրկնում եմ՝ դա 2003թ․դեկտեմբերն էր։ Այնպես որ, մեծ ծրագիր է իրականացվում մեր դեմ:

• Ալիևն Արցախում վերացնում է նյութական արժեքները, այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այստեղ ոչնչացնում է պատմական արժեքները, փաստերը, հիշողությունը, պատմությունը։ Նյութական արժեքները հնարավոր է վերականգնել, պատմականը՝ ոչ։ Մարդկության մեջ չկա մեկ այլ օրինակ, որ այսպես կործանեն կայացած պետությունը։

• Ովքեր չեն հիշում թուրքերի վայրագությունները, նրանք աջակցում են այս իշխանությունների հետ միասին՝ թուրք-ադրբեջանական անփոփոխ ցեղասպան քաղաքականությանը։

• Խաչմերուկը ոտքի տակ գցելու տեղ է, և երբ դու հայտարարում ես, որ խաղաղության խաչմերուկ ես, քեզ գցում ես այլոց ոտքերի տակ…

• Աբուլֆազ Էլչիբեյը շիզոֆրենիկ էր․ նրա նախընտրական շտաբի անդամների թիվը 1915 էր։ Փաշինյանը և Էլչիբեյը, այո՛, նմանություններ ունեն:

• Ադրբեջանի բոլոր նախաձեռնությունները գալիս են Հայաստանի իշխանություններից։ Ո՞վ է Արցախի առաջին նախագահին ձերբակալել Հայաստանում… Փաշինյա՛նը: Ո՞վ է հետապնդումների ենթարկում հաղթանակած հայ պաշտոնյաներին, զինվորականներին. Փաշինյա՛նը: Այն ամենը, ինչին Ալիևի ձեռքը չի հասնում, նա անում է այս իշխանությունների՝ Փաշինյանի ձեռքով։

• Ո՞վ է գալիս, ո՞ւր, ի՞նչ փախստականների մասին է խոսքը, ո՞ւր են բերում։ Եթե ադրբեջանցիները հեռանալիս փոխանակել են իրենց բնակարանները, հիմա ո՞ւր են գալիս։

• Հայաստանը զավթել են ներսից։ Ու Հայաստանը չուներ այն մեխանիզմները, որոնցով պետք է պաշտպանվեր ներսից զավթվելու դեպքում։ Մեզ դրսից չեն զավթել, Արցախը դրսից չեն նվաճել։ Դռները ներսից են բացվել։

• Ես չեմ հավատում, որ Հայաստանում այդքան մոլորյալներ կան․ ո՛չ, կան կեղծ ակնկալիքներ, որ եթե լիզենք Ադրբեջանի կոշիկները, ողջ կմնանք։ Հիշո՞ւմ եք՝ ՔՊ-ն երբ է հիմնադրվել․ 2015թ.-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում։ Դա պատահական չէր:

• Բրիտանացի պաշտոնյաներից մեկը մի օր ինձ ասաց՝ ամբողջ Բրիտանիան կառավարում է «British Petrolium»-ը` BP-ն։ Եվ նա ճիշտ էր: Եվ բոլորը գիտեն Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր շահերի, պատմական շահերի ու հարաբերությունների, մտադրությունների մասին:

• Այն, որ պայմանավորված էր, ու Արցախը պետք է հանձնվեր, անկասկած է։ Դա Փաշինյանն ինքն է խոստովանել՝ ասելով, որ ինքը 2018թ․պետք է ասեր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրվել է մի փաստաթուղթ այն տարածքների վերաբերյալ, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի տարածվում, ու դրա մասին Մինսկի խումբը հիանալի գիտի։ Ցույց տվեք մի հայտարարություն, որևէ մի խոսք Մինսկի խմբի կողմից, որ այդ տարածքներն օկուպացված էին, որ մի հատ էլ զորքերը հետ քաշեց այդ տարածքներից։ Դա անօրինական փաստաթուղթ է՝ անօրինական ստորագրությամբ։ Ո՞վ է հանձնել ԼՂԻՄ տարածքը, ո՞վ է հրաման տվել զինաթափել բանակը 2023թ․սեպտեմբերի 19-ին․ դա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ու սա երկու Սահմանադրությունների՝ ՀՀ և Արցախի, կոպիտ խախտում է։

• Ես 2020թ․ հոկտեմբերի 6-ին զանգ եմ ստացել Արցախից, և ինձ ասել են՝ լսե՛ք, Հադրութը կարելի է պաշտպանել, բայց այն հանձնում են, մի բան արե՛ք…

• Հեյդար Ալիևը ժամանակին արգելել էր ադրբեջանական գրքում Շուշին անվանել ադրբեջանական քաղաք։ Ասել է՝ այո, մենք ամեն ինչ անում ենք, որ հայերի թիվն Ադրբեջանում պակասի, բայց ինչ անում ենք, պետք է հիմնավորված անենք, Շուշին հայկական քաղաք է, և չի կարելի գրել, որ այն ադրբեջանական է, որքան էլ որ ինքն էր Ադրբեջանում ազգայնական քաղաքականության հիմնադիրը։ Ափսոս, որ Փաշինյանը չի հասցրել ընկերություն անել հայր Ալիևի հետ։

• Ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարումը սկսվել է Ռամիլ Սաֆարովին տրված նրա հրամանով՝ սպանել Գուրգեն Մարգարյանին։ Երբ Հունգարիայից Սաֆարովին հետ բերեցին Բաքու, Ալիևը տվեց Սաֆարովի 8 տարվա աշխատավարձը, ինչը նշանակում էր, որ այդ տարիներին նա գտնվել է ծառայության մեջ, այսինքն՝ Ռամիլ Սաֆարովը, Բուդապեշտում սպանելով Գուրգեն Մարգարյանին, կատարել է հրաման։

• 2004թ․ փետրվարին Սնիգիրիում մի ծրագրի շրջանակներում հանդիպել էինք ադրբեջանցիների հետ։ Բանակցությունների սեղանի դիմաց մեծ նկար էին կախել՝ կացին՝ վրայից կաթող արյամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս