Հայաստանում 2024 թվականի ընթացքում և այս տարվա հունվարի կեսի դրությամբ մետավիրուսի դեպքեր չեն արձանագրվել
Հայաստանում 2024 թվականի ընթացքում և 2025 թվականի հունվարի կեսի դրությամբ մետավիրուսի դեպքեր չեն արձանագրվել:
Այս մասին հունվարի 14-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ նշելով, որ Հայաստանում մետավիրուսի հետ կապված խնդիրը 2023 թվականից արդեն իսկ արձանագրել են:
«Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում և Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, թե՛ գրիպի առումով ունենք միջին իրավիճակ։ Այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվության վտանգ կա և պետք է զգուշավոր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»,- ասաց նախարարը:
Մարդու մետապնևմավիրուսը սովորական շնչառական վիրուս է, որը շատ երկրներում շրջանառվում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում (թեև ոչ բոլոր երկրներն են պարբերաբար հետազոտում և հրապարակում տվյալներ): Այն տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ` նման սովորական մրսածության և վերանում են մի քանի օր անց (թեև որոշ դեպքերում կարող են գրանցվել հոսպիտալացումներ բրոնխիտով կամ թոքաբորբով)։