«Անելանելի վիճակներ չկան. այս իրավիճակից ելքը մեկն է». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ խաղաղությունը հնարավոր է միայն պարտադրանքով:
«Քանի՞ անգամ կարելի է ասել՝ պարտված իշխանությունը բերելու է նոր պարտություններ: Հիմա ինչ էլ անեն՝ հերթական նոր պարտությունն է լինելու: Ցավոք, այնպես է ստացվել, որ առաջարկված բոլոր այլընտրանքները հանրությունը, կոպիտ ասած, մերժել է, և պարզապես Մոնթեի ասածը կդառնա իրականություն՝ կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Դա է իրականությունը, որը հնարավոր է փոխել, եթե այլընտրանքների մեջ գտնենք նպատակը՝ ուզո՞ւմ ենք փոխել մեր կյանքը, թե՞ այս կամ այն անձը մեզ դուր չի գալիս: Որևէ բան փոխելու համար մեզ պետք է ազգային միասնություն: Հիմա, եթե մենք պատրաստ չենք ամեն մեկս մեր անձնական բաժին կոմպրոմիսին գնալ, ձևավորել այդ ազգային միասնությունը, ունենալու ենք այն, ինչ ունենք»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների այն թեզերին, թե իրենց այլընտրանքը պատերազմն է, Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ գործող իշխանությունների օրոք ավելի շատ պատերազմ է եղել, քան նախկին որևէ իշխանության օրոք.
«Երեք իշխանության ընթացքում ընդամենը 2 ռազմական գործողության մասին է խոսվում. առաջին՝ արցախյան առաջին պատերազմը, երկրորդ՝ քառօրյա: Իսկ իրենց օրոք եղել է 44-օրյա պատերազմ, Ջերմուկի դեպքեր, Արցախի հայաթափում: 7 տարվա ընթացքում ավելի շատ պատերազմ է եղել, քան նախկին 30 տարվա ընթացքում: Սա բոլորի աչքի առջև է: Երբ ասում են՝ պատերազմ չի լինելու, կրակոցների մասի՞ն է:
Կրակոցներ կարող են էլի չլինել, եթե վաղը բոլորը Մեղրիից դուրս գան, ասեն՝ տալիս ենք. կարող է այդ սցենարն են մշակում: Կիրանցում էլ կրակոցներ չեղան, բայց ծեծկռտուք եղավ, ո՞ւմ կողմից՝ հայ ոստիկանի, հայ քաղաքացու: Ալիևն իր քաղաքականությունը շարունակում է, որևէ փոփոխություն չկա»:
Թևան Պողոսյանի խոսքով՝ իրավիճակից միակ ելքը միասնությունն է.
«Էլ ի՞նչ պետք է լինի, որ բոլոր հայերը հասկանան՝ հիմա խնդիրը կողքի հայի ոսկորները մաղելը չէ, այլ ոնց անել, որ իրար կողքի կանգնենք և միասին պաշտպանենք մեզ:
Անելանելի վիճակներ չկան: Հուսամ՝ կհաջողվի մեր հոգևորականներին՝ իրենց խոսքով ոգևորել, ժամանակի ընթացքում էլ կունենանք հնարավորություն նոր առաջնորդների:
Ցավոք, ունենք այն իրավիճակը, որ գործող առաջնորդներն ընկնում են նույն խնդրի մեջ. իրենց նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, որտեղ իրենց բերում են անձնական դաշտ, մարդիկ սկսում են իրար ինչ ասես՝ ասել, և ունենում ենք այս պառակտվածության խորացումը, այլ ոչ թե դրանից դուրս գալու հնարավորություն»:
Թևան Պողոսյանը հիշեցրեց 90-ականները, երբ գործող նախագահն ասել է՝ ունակ կլինեք միավորվել՝ ինձ կհաղթեք. «Ինքը այն ժամանակ, որ խորհուրդ էր տալիս, հիմա ընդդիմադիր դաշտում ասելո՞ւ է՝ ժողովուրդ, ես գիտեի այդ «ռեցեպտը», որն այն ժամանակ ասել եմ, հիմա կարող է աշխատել: Երկրորդ և Երրորդ նախագահների խոսքում էլ կարելի է տարբեր համատեքստերում գտնել միասնության մասին խոսքեր, որի բուն մեխը հետևյալն է՝ կգտնենք միավորվելու ֆորմուլա՝ կհաղթենք: Գտեք միավորվելու ֆորմուլան և հաղթեք: Այն բանաձևը, որը պետք է բոլորիս միավորեր, փչացրին. Հանուն հայրենիքի, հանուն Արցախի ֆորմուլան էլ են ամեն ինչ արել, որ գոյություն չունենա: Կհավաքվեն մեկ սեղանի շուրջ, խնդիրները կլուծվեն, եթե ոչ, չասեք՝ ինչու չստացվեց»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում