Բաժիններ՝

ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտի տեխնոլոգիաների տարածման հետ կապված սահմանափակումներ է մտցնում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը հաստատել է տեղական արտադրության կիսահաղորդիչների և արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների արտահանման կանոնները՝ միևնույն ժամանակ հայտարարելով այդ տեխնոլոգիաների տարածման սահմանափակումների մասին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։Ինչպես հետևում է փաստաթղթից, Վաշինգտոնի ղեկավարությունը կարծում է, որ «արհեստական ​​բանականությունն արագորեն դառնում է անվտանգության և տնտեսական հզորության առանցքային» գործոն։

«Միացյալ Նահանգները պետք է վճռականորեն գործի այս անցումային փուլում առաջատար դիրք գրավելու համար և ապահովի, որ ամերիկյան տեխնոլոգիաները հիմք հանդիսանան ԱԲ-ի օգտագործման համար ամբողջ աշխարհում, և որ հակառակորդները չկարողանան հեշտությամբ չարաշահել առաջադեմ ԱԲ-ն», – ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում հզոր ԱԲ համակարգերը կարող են ազգային անվտանգության համար զգալի վտանգներ պարունակել, այդ թվում՝ հնարավոր դարձնելով զանգվածային ոչնչացման զենքերի մշակումը, հարձակողական կիբեր գործողություններին աջակցությունը և մարդու իրավունքների չարաշահումներին նպաստումը, օրինակ՝ զանգվածային հսկողությունը։ Նոր կանոնակարգի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է կիսահաղորդիչներ և ԱԲ տեխնոլոգիաներ մատակարարել 18 դաշնակից և գործընկեր երկրների՝ առանց որևէ սահմանափակումների։

Սահմանափակումները չեն տարածվում նաև այդ երկրներում գտնվող մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների վրա, որոնք բավարարում են անվտանգության պահանջները: Բացի այդ, Վաշինգտոնը սահմանում է ԱԲ ոլորտում տեխնոլոգիաների մատակարարման քվոտա և համապատասխան լիցենզիա ստանալու պահանջ ընկերությունների և կազմակերպությունների համար, որոնք տեղակայված են դաշնակից և գործընկեր պետություններից դուրս, բայց ոչ այն երկրներում, որոնք Միացյալ Նահանգները դասակարգում է որպես «մտահոգիչ»:

«Մտահոգիչ» երկրների հետ կապված՝ Միացյալ Նահանգները սահմանափակումներ է մտցնում արհեստական բանականության առաջադեմ համակարգերի փոխանցման համար։ Բացի այդ, հաստատվում է այդ երկրներ առաջադեմ չիպերի մատակարարումների գործող արգելքը։

ԱՄՆ-ն նման երկրների շարքին է դասում Ռուսաստանը, Չինաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, ինչպես նաև Աֆղանստանը, Վենեսուելան, Հայիթին, Զիմբաբվեն, Իրանը, Իրաքը, Կամբոջան, Կուբան, Լիբանանը, Լիբիան, Մյանման, Նիկարագուան, Սիրիան, Սոմալին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Էրիթրեան, Հարավային Սուդանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս