Անցած շաբաթ տուբերկուլյոզի հետպատվաստումային ռեակցիաներով երեխաներ են դիմել բուժօգնության
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք այժմ էլ կա՞ն տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի (ԲՑԺ) հետևանքով հետպատվաստումային ռեակցիայով երեխաներ: Ի պատասխան մեր հարցին՝ Գայանե Սահակյանն ասաց.
«Դա համարվում է ԲՑԺ հետպատվաստումային ռեակցիա: Դա միշտ էլ կգրանցվի: Ուղղակի այնպես եղավ, որ փոխվեց նախարարության քաղաքականությունը: Որպեսզի այդ երեխաների վարումն իրականացվեր մասնագիտական ձևով, բոլորին ուղղորդեցինք հանրապետական տուբերկուլյոզային դիսպանսեր: Աղմուկն այդտեղից բարձրացավ: Իրականում նախկինում էլ են ԲՑԺ լիմֆադենիտներ եղել ու հիմա էլ կլինեն»:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մոտ 30 երեխայի մոտ ԲՑԺ պատվաստման հետևանքով բարդություններ են առաջացել:
Հարցին՝ արդյոք այս օրերին հետպատվաստումային ռեակցիաների նոր դեպքեր գրանցվե՞լ են, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը պատասխանեց. «Նոր դեպքեր հնարավոր է, որ լինեն, բայց քանի որ երեխաները չեն հոսպիտալացվում, նախարարի հրամանի համաձայն, անգամ, եթե երեխան հեռու մարզից գալիս է, 2 օրվա ընթացքում անցնում է իր հետազոտությունները և տուն է գնում, բոլոր դեպքերում, վերջին օրերին ես շտապ հաղորդում չեմ ստացել, իսկ նախորդ շաբաթ դիմելիություն եղել է»:
Գայանե Սահակյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ թյուր է կարծիքը, թե երեխաները պատվաստումից հետո հիվանդացել են տուբերկուլյոզով. «Դա հետպատվաստումային ռեակցիա է: Ինչպես աստիճանաբար երեխայի մոտ բորբոքային պրոցեսը սկսվում է, այնպես էլ հետ է ներծծվում՝ առանց օրգանիզմին որևէ վնաս տալու»: