Հայաստանի իշխանությունն Ալիևին տվեց շանս՝ լուծել ռազմավարական խնդիր՝ առանց ռազմական գործողությունների. Արման Աբովյան
Հայաստանի այս իշխանությունը մեր երկրի ռազմավարական դիրքերը հանձնելով Ադրբեջանի վերահսկողությանը՝ պայմաններ է ստեղծել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների իրագործման համար. իսկ պլանը հայկական գործոնի ոչնչացումն է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արման Աբովյանը՝ հավելելով՝ դա է պատճառը, որ ի պատասխան Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչեցվող սպառնալիքների՝ Հայաստանի իշխանությունը ռեալ հակազդեցություն ցույց չի տալիս, որովհետև, հայ զինվորին հանելով և փոխարենը սյուներ տնկելով Հայաստանի ռազմավարական դիրքերի վրա՝ Ադրբեջանին տվեց հնարավորություն լուծել ռազմավարական խնդիր՝ առանց ռազմական գործողությունների։
«Այսօր Ադրբեջանի զինված ուժերն ունեն հնարավորություն մեր պետության ռազմավարական նշանակության տարածքներն ամբողջությամբ թիրախավորելու թե՛ հարավում, թե՛ հյուսիսում։ Ադրբեջանի ղեկավարի համար պետական դոկտրին է Հայաստանի պետականության ոչնչացումը, ինչը, սակայն, Հայաստանի այս իշխանության համար վտանգավոր դոկտրին չէ, որովհետև այն, ինչ ասել է Ալիևը, ամբողջությամբ համապատասխանում է այն տեսլականին, որն իրականացնում է Հայաստանի այս իշխանությունը»,- ասաց Արման Աբովյանը։
Վերլուծաբանի համոզմամբ՝ ասվածն ապացուցող զուգահեռները շատ պարզ են. օրինակ՝ ինչպես որ Ադրբեջանի համար է անընդունելի հայկական մշակույթը, հայկական անկախ պետությունն ու ազգային դիմագիծը, այնպես էլ դրանք անընդունելի են փաշինյանական իշխանության համար։
«Հայաստանի իշխանությունն այդ բաղադրիչների դեմ կռիվ է տալիս. Օրինակ՝ հայ ժողովրդի պատմությունը փոխում է Հայաստանի պատմությամբ, որով Հայաստանն ուղղակիորեն դարձնում է ընդամենն աշխարհագրական կետ»,- ասաց Աբովյանը՝ ընդգծելով՝
«Հետևապես, Ալիևի առաջարկած Խաղաղության պայմանագիրը լինելու է Հայաստանի ինքնաոչնչացման համաձայնագիրը և ոչ ավելին»։
Մանրամասները՝ տեսանյութում։