Հռոմի պապը վերստին կոչ է արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ն այսօր վերստին կոչ է արել սիրիական զինված հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով:
Մարտի 31-ին Զատկի կապակցությամբ իր ուղերձում Հռոմի պապը կոչ էր արել ջանքեր գործադրել Սիրիայում արյունահեղության դադարեցման ուղղությամբ և հումանիտար օգնություն ցուցաբերել այդ երկրի բնակչությանը:
Դիմելով այսօր Վատիկանում հավաքված 75.000 հավատացյալներին՝ Հռոմի պապը կոչ է արել գտնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը: Նա վստահեցրել է, որ շարունակում է աղոթել սիրիացի զինյալների կողմից առևանգված երկու հոգևորականի համար, որոնց ճակատագրի մասին ստացվում է հակասական տեղեկատվություն: