«Փաշինյանն Ադրբեջանի տեսանկյունից է ասել, դա նրա ձեռագիրն է. փաստ է՝ նա է Արցախը դարձրել Ադրբեջանի մաս». Դավիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Արցախը հանձնելու քայլը փորձում է իրենից հեռացնել՝ ասելով, թե 1994 թվականի հրադադարից հետո բանակցությունները եղել են միայն մեկ բանի մասին՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։

«Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար՝ այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

168.am-ն Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ չե՞ն պատրաստվում Արցախի ԱԺ պատգամավորներով Նիկոլ Փաշինյանից պահանջել հրապարակել բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի հանրությունն էլ տեսնի, թե ի՞նչ է բանակցվել 1994 թվականից հետո, այդ թվում՝ 2018-2020 թվականների ընթացքում։

Կարդացեք նաև

Դավիթ Գալստյանը համոզված է՝ եթե նման գործընթաց նախաձեռնեն և պահանջեն դրանք հանրայնացնել, ապա Փաշինյանը չի գնա այդ քայլին։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն աղավաղված են ու մանիպուլյատիվ, գուցե նա նման մի փաստաթուղթ կհրապարակի կամ առհասարակ չի հրապարակի։

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն Ադրբեջանի տեսանկյունից է ասել, որովհետև Ադրբեջանը մշտապես այդ տեսանկյունից է բանակցել՝ ցանկանալով Արցախը դարձնել Ադրբեջանի մաս։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը դարձրել Ադրբեջանի մաս։

Փաստացի արցախահայերն ապրում էին Արցախում, Արցախը համարվում էր Հայաստանի անվտանգության դարպասը, անվտանգության տեսանկյունից Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ենք մենք պարտվել, նա հանձնեց Արցախը, ինչից հետո տեսնում ենք, թե ինչպես է խոսում մարդկանց մոտ, թե Հայաստանը թույլ է, պարտված է, և այլն։ Այդ ամենի հետևանքով նա առանց պատերազմի արդեն հանձնում է Հայաստանի սուվերեն տարածքները»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Հարցին՝ պատգամավոր ընտրվելուց հետո հնարավորություն ունեցե՞լ է Արցախի իշխանություններից տեղեկանալ, թե ի՞նչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա բազմիցս հայտարարել է, թե բանակցային ողջ գործընթացի մասին տեղեկացնում է Արցախի իշխանություններին, Դավիթ Գալստյանը պատասխանեց՝ Արցախում ընդդիմադիր պատգամավորները տեղյակ չէին, թե ինչ էին բանակցում ՀՀ իշխանությունները։

«Արցախի իշխանությունները 2021 թվականից հետո մանիպուլյատիվ կերպով էին ներկայացնում մեզ, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում։ Բազմիցս ասել ենք, Արցախը Նիկոլ Փաշինյանը չէր կարող հանձնել, եթե Արցախում չլիներ խամաճիկ իշխանություն»,- շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Դավիթ Գալստյանը Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն կամ խոսք չի կարող լուրջ ընդունել, քանի որ նրա յուրաքանչյուր խոսք մանիպուլյացիա է։

«Հիշո՞ւմ եք, 2020 թվականի պատերազմից 1-2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի մասին այնպիսի տեղեկություն կարող է հրապարակել, որից հետո Ադրբեջանում ներքին հեղաշրջում կարող է լինել։

Բայց մենք այդպես էլ չտեսանք, որ նա այդ տեղեկությունը հրապարակի։ Իր մեղքը նախկին իշխանությունների, այս կամ այն քաղաքական ուժի վրա բարդելով՝ Փաշինյանը փորձում է արդարանալ հանրության առջև, քանի որ այն, ինչ կատարվել է, փաստացի ինքն է կատարել։

Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի այս քայլերը հասկանում է, Փաշինյանը գիտակցում է, որ մեղավոր է, բայց կրկին փորձում է մեղքն իրենից վանել, սա իր ձեռագիրն է»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս