Ռուսաստանի հետ երկաթգծի մասով բարեկամական լուծում ենք ուզում, չենք ուզում գնալ խզման. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում լրագրողները հիշեցրել են, որ  Եկատերինբուրգի հանդիպումից հետո նա ասել է, որ  դեռ չեն շտապի գնահատականներ հնչեցնել խնդիրների լուծման հետ կապված, կսպասեն՝  որոշակի պայմանավորվածությունների մասով ինչ ընթացք կստանա գործընթացը, իսկ անցած շաբաթ էլ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, սակայն դրանից հետո էլ ՌԴ-ից հնչող  հայտարարություններում չի նշմարվում  խնդիրների  լուծման  հեռանկարը:

Ինչո՞ւ չի հաջողվում ի վերջո հասնել խնդիրների լուծմանը,  կարո՞ղ եք ինչ-որ գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին, որովհետև, ինչպես տեսնում եք, ռուսական կողմից շարունակում են պնդել այդ հանրաքվեի օրակարգը՝  եթե հանրաքվեն չլինի, ըստ  էության, անդամ պետություններն  ինչ-որ որոշում կայացնելու խնդրի առաջ կկանգնեն։ Լրագրողները նաև հարց են ուղղել հայկական երկաթուղու կառավարման փոփոխության վերաբերյալ: Այս հարցադրումներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«ԵԱՏՄ-ի հետ կապված ես չեմ խուսափել ոչ մի պահ գնահատականից, և հրապարակային էլ ասել եմ, թե խնդրի էությունն ինչ է։ Եթե, այսպես ասած, ուղեկցող փաստերը մի կողմ դնենք և կենտրոնանանք բուն թեմայի վրա, բուն թեման այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որի հետ, մենք արդեն ասել ենք, որ համաձայն չենք։  Մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք, այսպես թե այնպես, պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և եթե նույնիսկ հիմա 100 տոկոսով բացվեն, այսինքն, վերադառնանք նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում: Եվ այսօր կառավարության նիստում ես ասացի, որ խնդիրն այն է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են մեծապես կախված լինել մի օղակից:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած իմ ելույթում և նաև հաջորդիվ ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ընթացքում ես այդ հարցերին անդրադարձել եմ:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է երկաթուղու հետ կապված իրադրությանը, մենք այստեղ ուզում ենք բարեկամական լուծում: Այսինքն, մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների։ Բարեկամական լուծումն այն է, որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ, օրինակ, այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել ռուսական երկաթուղիների կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը։ Բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասամբ, այսինքն՝ ինչ-որ բաժնետիրական, որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի, և այլն: Եվ ես դա  նկատի ունեմ։ Երկու  միլիարդի հետ կապված՝ նշեմ, ես այնտեղ որևէ կոնկրետ բան չեմ նշել, որ կոնկրետ բան վերագրվի։ Ես դա ասել եմ որպես հնարավոր զարգացման սցենարներից մեկը՝ առանց կոնկրետ բան նկատի ունենալու և նկատի ունենալով բոլոր հնարավոր կետերը, որտեղ դա տեսականորեն և գործնականում կարելի է իրականացնել։ Ես էլի եմ ասում՝ մենք ուզում ենք բարեկամական լուծում, մենք չենք ուզում խզում, լուծարում։ Դա միշտ էլ կարող ենք անել, էսօր էլ կարող ենք անել, բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Ինչի՞ համար գնանք այդ ճանապարհով:

Ես ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, ընդհակառակը՝ հարգանքով և ըմբռնումով ենք վերաբերվում Ռուսաստանի շահերին։ Խոսքն  ուրիշ բանի մասին է,  խոսքը նրա մասին է, որ այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը՝ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին։

Ինչո՞ւ է խոչընդոտում, որովհետև այդ միջազգային հիմնական օգտագործողները, կիրառողները երկաթուղիների… Եկեք հասկանանք՝ ճիշտ է, երկաթուղին մատչելի է բոլորի համար չէ,  բայց կան երկրներ և երկրների խմբեր, որոնք այդ երկաթուղու օգտագործման, ըստ էության, հիմնական հետաքրքրված և հետևաբար՝ վճարող ու ֆինանսավորող ուժերն են։ Երկրների մի մասը շատ ապրանքաշրջանառություն ունի, երկրների մի մասը՝ քիչ: Այսինքն, կան երկրներ կամ երկրների խմբեր, որոնք  վճարում են և այդ ծառայությունը ստանում են երկաթուղուց օգտվելու համար։

Հիմա նրանք, ովքեր հիմնական կիրառողներն ու օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրանք մեզ ասում են և ոչ միայն բանավոր են ասում, այլև մենք տեսնում ենք, որ իրենք ներդրումային հետաքրքրություն չեն ցուցաբերում այդ հատվածում։ Մենք մարդկանց ասում ենք՝ այստեղ հնարավորություններ կան, մենք ենք առաջարկում, իսկ իրենք խուսափում են այդ թեմայից։ Եվ արդյունքում հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։

Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ, մենք Ռուսաստանի հետ պրոբլեմ չունենք, մեր պրոբլեմն այն իրավիճակն է, որ մենք հերթական անգամ կարող ենք բաց թողնել միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը։ Սա է խնդիրը։ Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի պրոբլեմ չունենք, այստեղ խնդիրն այն է, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են, և, ըստ էության,  օգտագործման ծավալի առյուծի բաժինն իրենք են օգտագործում, տեսնում ենք, որ չեն օգտվում, ուրիշ տեղ են փնտրում Հայաստանը շրջանցելու համար։ Մենք ասում ենք՝ ինչի՞ եք շրջանցում Հայաստանը, և հասկանում ենք, որ հիմնական պատճառը դա է։

Եվ դրա համար մենք գնացել ենք Ռուսաստան, մեր գործընկերներին բարեկամաբար ասել ենք. «Հարգելի՛ բարեկամներ, մենք սենց խնդիր ունենք, եկեք լուծում գտնենք այդ խնդրի համար»։ Մենք ուրիշ բան չենք ասել»:

Փաշինյանի խոսքով, լուծումներ են փնտրում, փորձում ինչ-որ իդեաներ գեներացնել, հայեցակարգային մակարդակով նայում են՝ ինչ տարբերակներ կան։

«Տարբերակ 1՝ ուղղակի պայմանագիրը խզել։ Դա ընդունելի չէ մեզ համար, որովհետև բարեկամական չէ։ Մենք ուզում ենք բարեկամական լուծում։ Բարեկամականն այն է, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում,  կան փորձագետներ, որոնք գներ են ասում, թե օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումար է՝ հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները:

Նայում ենք՝ լավ, այդ տարբերակը գուցե Ռուսաստանի գործընկերների համար այնքան էլ հարմարավետ չէ։ Հետո նայում ենք՝ իսկ կա՞ արդյոք տարբերակ, որ իրենց խնդիրն էլ մասամբ լուծի, մեր խնդիրն էլ: Հետո տեսնում ենք, որ փորձագետների հետ էլ ենք աշխատում, գալիս են և ասում են՝ սենց տարբերակ կա, որտեղ այդ կառավարումը կամ ինչ-որ ուրիշ մոդել դրվի, որ, ասենք, ինչ-որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին էլ օտարվի, բայց այնպես, որ մնա փոքրամասնության մասնաբաժինը, հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի:

Մի ուրիշ գաղափար էլ է գալիս՝ գուցե լիցենզիան բաժանվի երկու մասի։ Ո՞րն է դա, ասենք, հիմա մենք ունենք երկաթուղի՝ և՛ ենթակառուցվածքը, և՛ ենթակառուցվածքի օգտագործումը մի փաթեթում։ Օրինակ, մենք ունենք մի օդանավակայան, մի կառավարող, բայց ունենք բազմաթիվ ավիաուղիներ, որոնք օգտվում են դրանից, կան նաև այլ ընկերություններ: Գուցե  նման մոդելներ հնարավոր լինի կիրառել։

Մենք ստատիկ կանգնած չենք, որ հայտարարել ենք և վերջ»,- շարունակել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31