Փաշինյանի՝ Արցախի փակած էջն ու Կոսովոյի անձնագրերի ճանաչումը. ինչու նախկինում չէին ճանաչում Կոսովոյի անկախությունը

Այս տարվա հունիսին Հայաստանը ճանաչել էր Պաղեստինի պետությունը: «Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է՝ երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի Պետությունը»,- նշվում է հունիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Ընդ որում, Հայաստանը Պաղեստինի պետությունը ճանաչել էր Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից հետո:

Հայաստանի այս քայլը քաղաքական, քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներից որոշները ողջունել էին և այն դիտարկել բարոյական հարթության մեջ, իսկ ռազմական վերլուծաբանները դրանում ռիսկեր էին տեսել՝ հաշվի առնելով Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները:

Կարդացեք նաև

Այս օրերին 168.amգրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել էին, որ Իսրայելը կվերանայի Ադրբեջանին հավելյալ սպառազինություն և համակարգեր մատակարարելու հնարավորությունը՝ պայմանավորված ՀՀ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշմամբ: Եվ ոչինչ, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը վստահեցնում էր՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ:

Ճանաչե՞լն էր ճիշտ, թե՞ չճանաչելը. այստեղ կարծիքները կարող են կիսվել, բայց հարց է՝ դա ի՞նչ տվեց Հայաստանին, որը, ի դեպ, 44-օրյայից առաջ որոշել էր Իսրայելում դեսպանատուն բացել, ինչն էլ առաջացրել էր Իրանի դժգոհությունը: Այսինքն, խնդիրն այստեղ սառը հաշվարկների մեջ է:

Եվ հիմա Հայաստանը որոշել է ճանաչել Կոսովոյի անձնագրերը, ինչպես X-ի իր էջում հայտնել է Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։

Նշենք, որ Թուրքիան Կոսովոյի անկախությունը ճանաչել է դեռ 2008-ին, իսկ ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը Կոսովոն համարել էր թուրքերի երկրորդ տունը, և այդ օրվանից Թուրքիան ամեն ինչ անում է Կոսովոյի անկախության ճանաչման համար:

Ադրբեջանը, բնականաբար, միշտ դեմ է արտահայտվել Կոսովոյի անկախության ճանաչմանը, պատճառները հայտնի են՝ Արցախի խնդրից մինչև Սերբիայի հետ ունեցած ամուր հարաբերություններ:

Ի դեպ, 2021 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել էին Սերբիայի նախագահի խոսքը, թե՝ «Պրիշտինան խնդրել է Ադրբեջանին ճանաչել Կոսովոյի անկախությունը», և հիշեցրել, որ Բաքուն ճանաչում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը:

Այս համատեքստում հիշեցնենք, թե ինչ էր ասում ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման առնչությամբ, և ոչ միայն:

Մասնավորապես, 2008 թվականին Սերժ Սարգսյանը միջազգային լրաստվամիջոցների հետ հանդիպմանը նշել էր

«Միգուցե Ձեզ համար տարօրինակ թվա, որ մենք մշտապես եղել ենք ինքնորոշման իրավունքի կողմնակից, բայց չենք ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան: Մեր մոտեցումը պարզ է. մենք ինքներս ունենք նման խնդիր` Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք չենք կարող ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան, նախքան Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Իսկ ինչո՞ւ չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետև այսօր մենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ենք և ցանկանում ենք խնդրի լուծմանը հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Հիշո՞ւմ եք, որ Կոսովոյի և մյուս դեպքերում էլ ասվում էր, որ ճանաչումը դա վերջին միջոցն է: Եթե որևէ այլ միջոց չմնա, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

2014 թվականին էլ Սերժ Սարգսյանը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել էր.

«Ես ցանկանում եմ հատուկ շեշտել, որ կարևորում եմ այն փաստը, որ չնայած կարգավիճակի չճանաչմանը, Սերբիան ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Մենք համարում ենք, որ անհեռանկար է ձևացնել, թե կոնֆլիկտային իրավիճակներում ընտրված իշխանությունները լեգիտիմ չեն: Ակնհայտ, է որ դրա այլընտրանքը քաոսն է: Ես վերահաստատել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ մենք գնահատում ենք Սերբիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասով և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»:

Իսկ 2017 թվականին նախագահ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում շեշտել էր.

«Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից»:

Հավելենք, որ Հայաստանը խաղաղապահ զորախումբ Կոսովո ուղարկել է 2004 թվականից:

Այսինքն, Հայաստանն այդ ժամանակ փորձում էր հնարավորինս ճկուն քաղաքականություն վարել և չվատացնել հարաբերությունները Սերբիայի հետ, մյուս կողմից՝ բարոյական և ճիշտ չէր համարում Արցախի անկախությունը չճանաչած՝ ճանաչել այլ չճանաչված երկրների անկախությունը, հատկապես, երբ Արցախի և Կոսովոյի ինքնորոշման իրավունքին առնչվող հարցն այնքան էլ մի հարթության մեջ դիտարկելու չէ: Եվ վերջապես, այստեղ, թերևս, պետք է հաշվի առնել՝ ո՞ր երկրներն են ճանաչել Կոսովոյի անկախությունը և ովքե՞ր չեն ճանաչել, և ի՞նչ հարաբերություններ ունի Հայաստանը ճանաչածների և չճանաչածների հետ։ 

Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Սերբիա հարաբերություններին, հարկ է նշել, որ Հայաստանը Սերբիայի հետ ռազմատեխնիկական որոշակի համագործակցություն ուներ, և այն վտանգելը ճիշտ չէր:

168.amգրել էր, որ 2007 թվականին տեղեկություններ էին շրջանառվել, որ այդ նույն թվականի առաջին ամիսներին Սերբիան 2,6 միլիոն դոլարի զենք կվաճառի Հայաստանին:

Մասնավորապես, սերբական «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանին ավտոմատներ են վաճառում:

Նշվում էր նաև, որ առաջին նմանօրինակ պայմանագիրը ստորագրվել էր 2003 թվականին, որով նախատեսված մատակարարումներն ավարտվել էին 2006 թվականի ամռանը:

PanARMENIAN.Netի փոխանցմամբ էլ, Սերբիայի առևտրի նախարար Ռադիմ Լյայիչը նշել էր, որ սերբական ընկերությունները 2017 թվականից Հայաստան զենք արտահանելու 19 թույլտվություն են ստացել, և այլն:

Իսկ 2020 թվականի հուլիսի 19-ին ադրբեջանական Haqqin.az կայքը հոդված էր հրապարակել, թե իբր հուլիսյան մարտերից առաջ Սերբիան Վրաստանի միջոցով տարբեր տրամաչափի ականանետային զինամթերքի խոշոր խմբաքանակ է մատակարարել Հայաստանին:

Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։

Իր հերթին՝ սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել էր, որ Սերբիայի սպառազինությունը Հայաստան է արտահանել միանգամից հինգ գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության և առևտրի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությամբ:

«2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Սերբիայում գործող պետական զինագործական ընկերություններն այդ գործարքներում ներգրավված չեն եղել։ Ես չեմ կարող նշել այդ ընկերությունների անունները, սակայն, մեր տեղեկություններով, Հայաստան են մատակարարվել հիմնականում ինքնաձիգեր և ատրճանակներ։ Դրանց ընդհանուր արժեքը 1 միլիոն եվրոյից էլ պակաս է եղել։ Այդ սպառազինությունն առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին և հունիսին»,– ասել էր Սերբիայի առևտրի նախարարը:

Բայց Ադրբեջանը Սերբիայի հետ շատ ավելի լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն ունի: Մասնավորապես, 2020 թվականին օգոստոսին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, պատասխանելով Սերբիայից Հայաստան վաճառված զենքի շուրջ ադրբեջանական աղմուկին, հայտարարել էր.

«Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է»:

Հավելենք, որ այս տարվա փետրվարին Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունները 2024 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր էին ստորագրել։ Քննարկվել էր Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սերբիան Ադրբեջանին 48 Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանք է վաճառել՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Բայց Սերբիա-Ադրբեջան հարաբերություններում նաև գազի գործոնը կա: Ադրբեջանը միայն 2024 թվականի հունվար-փետրվարին Սերբիա է արտահանել 6 մլն 274,45 հազար խորանարդ մետր գազ։ Իսկ նոյեմբերից Սերբիան հույս էր հայտնել, որ նոյեմբերի 1-ից մինչև ջեռուցման սեզոնի ավարտն Ադրբեջանի հետ պայմանագրով 1 մլն խմ բնական գազ կստանա օրական։

Եվ այս պայմաններում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս տարվա հունիսի 4-ին ընդունել էր Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:

Եվ հիմա արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական քայլերը չեն վտանգի անվտանգային պայմանավորվածությունները, ի վերջո, Հայաստանը Թուրքիան չէ:

Ի դեպ, հարց է՝ Արցախի անկախությունը չճանաչած և Արցախի էջը փակած ՀՀ իշխանությունների կողմից Կոսովոյի անձնագրերի ճանաչումը դարձյալ թուրքական հուշմա՞մբ է տեղի ունեցել, թե՞ որպես բարի կամքի դրսևորում, որի բարոյական իրավունքը քննարկելի է:

Տեսանյութեր

Լրահոս