Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հեծանիվ չենք հայտնագործելու. պետական բյուջեի ձևավորման համար նախ անհրաժեշտ են համապատասխան մուտքեր, որոնց ձևավորման հիմնական աղբյուրներն են հարկերը և ոչ հարկային մուտքերը: Իսկ մյուս կողմից էլ՝ ծախսերն են, որոնք ընդգրկում են սոցիալական ոլորտի (կրթություն, առողջապահություն), պաշտպանության, ենթակառուցվածքների, պետական պարտքի սպասարկման և այլ ոլորտների ֆինանսավորումը։ Իհարկե, խոշոր ֆինանսական մուտքեր ունեցող ու մեծ բնակչություն ունեցող պետությունները ահռելի բյուջեներ են կարողանում գեներացնել, որոնց համեմատ Հայաստանի պետական բյուջեն բավական սահմանափակ է, բայց խնդիրը ոչ միայն բյուջեի գեներացումն է, այլև դրա նպատակային ու թիրախային օգտագործումը։ Բայց որքան էլ զարմանալի է՝ ՀՀ իշխանությունները կենտրոնանում են ոչ թե բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ, այլ նրա վրա, որ ամեն անգամ ցույց տան, թե բյուջետային միջոցներն ինչքան կարևոր են պետության ու քաղաքացիների համար։
Նույնիսկ հանդիպում ենք ծայրահեղ դրսևորումների, երբ Փաշինյանը հայտարարում է, թե ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետական բյուջեն։ Մեկ այլ համեմատության շրջանակներում էլ նա նշում է, թե չկա ընտանիք, որ պետական բյուջեի միջոցներից չի օգտվում։ Իհարկե, կասկած չկա, որ պետական բյուջեն բոլոր քաղաքացիների համար նախատեսված պետական միջոցներ ի համամասնությունն է, ու բոլորն էլ օգտվում են կա՛մ բյուջեում եղած միջոցներից, կա՛մ այդ միջոցների ներդրման արդյունքներից։ Բնականաբար, քաղաքացիներն իրենց անհատական միջոցներով չեն կարող այնպիսի մասշտաբային հարցեր լուծել, որոնք լուծվում են պետական բյուջեի հատկացումների շնորհիվ։ Սակայն խնդիրն այլ է. իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանն ու պետական բյուջեի ընձեռած հնարավորությունները որպես լավություն ներկայացնել, այսինքն՝ «երեսով տալ»։
Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը՝ հանրակրթությո՞ւնը, սոցիալական ապահովությո՞ւնը, առողջապահությո՞ւնը: Շատ կասկածելի ձևակերպում է: Չնայած Փաշինյանն ինքն էլ նշում է, որ ճշտելու ենթակա հայտարարություն է: Անընդհատ ժողովրդի աչքը խոթելով բյուջեից օգտվելու հանգամանքը՝ փաստացի նախ՝ դա ներկայացվում է որպես մեծ լավություն, երկրորդ՝ կիրառվում է որպես PR միջոց, այսինքն՝ իշխանությունը նույնացվում է պետության հետ: Այնինչ, նույն հասարակությունը պետք է հարց տա Նիկոլ Փաշինյանին՝ իսկ պետական բյուջեն իշխանություններն իրենց հոր տնի՞ց են բերել: Չէ՞ որ այն ձևավորվում է այն նույն քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ Ընդ որում, հարկ վճարողները հռչակվում են որպես «հերոսներ», այնինչ դա ոչ թե հերոսություն է, այլ յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիների հարկերի հաշվին բյուջեում ֆինանսական միջոցներ են ձևավորվում, իսկ հետո այդ քաղաքացիներին իշխանությունները «երեսով» են տալիս, թե ձեզ ինչոր ծառայություն է մատուցում պետությունը։
Այնինչ, պետությունն ուղղակի պարտավոր է իր քաղաքացիներին ծառայություններ մատուցել։ Ու այդ ծառայությունները կարող են լինել նաև պետական բարձր պաշտոնյաների գործունեության տեսանկյունից։ Հա, ի դեպ, մի առումով Փաշինյանը կարող է ճիշտ լինել, երբ ասում է «ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն»: Դա ճիշտ է միայն այն դեպքում, երբ «ՀՀ քաղաքացի» ասելով տվյալ դեպքում նկատի ունի բացառապես քպականներին»: