Գաղափարը հետևյալն է՝ արտակարգ, կամ ռազմական դրությունը չպետք է ազդի քաղաքացու քվեի վրա․ Վարդանյան
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին հիշեցրեց՝ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում է ընդգրկված եղել ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։
«Ե՛վ հանձնաժողովն է քննարկել, և՛ հանել ենք բոլոր վիճահարույց դրույթները՝ կապված արտակարգ և ռազմական դրությունների հետ, պայմանավորվել ենք, որ աշխատանքային խմբի հանդիպումները շարունակվելու են հետագայում, որ լավարկելու ենք օրենսդրությունը կուսակցությունների մասով, ընտրական օրենսդրությունը այն մասով, որի շուրջ չունենք կոնսենսուս,- նշեց նա՝ հավելելով,- «Արտակարգ և ռազմական դրության վերաբերյալ օրենսդրությունը» և ընտրական օրենսդրության հետ փոխկապակցվածությունը պետք է դառնա առանձին քննարկման առարկա։ Մենք այն կքննարկենք, երբ նախագիծը պատրաստ լինի։ Ժամկետներ չկան, բայց մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, որովհետև թեման նուրբ է։
Մենք պետք է գտնենք այն նուրբ շեմը, որը հնարավորություն կտա ապահովել, որ քաղաքացու քվեն որևէ պարագայում չտուժի արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում»։
ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ որևիցե մեկը չի նախատեսում օգտագործել կամ քննարկել «արտակարգ դրության» ինստիտուտը քաղաքականացնելու կոնտեքստում․ հարցը քննարկել են՝ ելնելով իրավիճակից, որ նախկինում բախվել են դեպքերի, երբ ընտրական գործընթացներին զուգահեռ՝ ՀՀ սահմանին ոչ անվտանգ իրավիճակ է ձևավորվել։
«Դուք շատ լավ գիտեք դա»,- հավելեց նա։