ԺՈՒԿ փոխնախագահը հեռացել է ԺՈՒԿ-ից
ԺՈՒԿ այլևս փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ես՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ, Վարդան Գրիգորյանս, լինելով կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, 2008թ. օգոստոսի 1-ից, կուսակցության վարչության որոշմամբ՝ ի թիվս այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների, անդամագրվել ու ծնունդ ենք տվել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքին:
2008թ. Կեղծված ՀՀ Նախագահական հետընտրական հետագա տարիներին՝ անմնացորդ նվիրումով, մասնակցել ենք քաղաքական ողջ գործընթացներին՝ նպատակ ունենալով վերականգնելու արդարությունը, ենթարկվել հետապնդումների ու հալածանքների, սակայն չենք ընկրկել:
Այսօր, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ինքս չեմ ընդունում կուսակցության որդեգրած նորովի քայլերն ու գործունեությունը, որը շատերին տանում է անորոշության ու կուսակցական նախատեսված ծրագրերից շեղման:
Հաշվի առնելով անհամաձայնությունս մի շարք լրատվամիջոցներով՝ վերջերս, տարածված հայտարարությանը «ՀԱԿ կուսակցությունների միավորման քաղխորհրդի» գործելաոճի հետ.
Կողմնակից լինելով քաղաքական սերնդափոխությանը և կուսակցությանը նոր շունչ հաղորդելուն
Գիտակցելով, որ երկրում ստեղծված անառողջ մթնոլորտից դուրս գալու և օր առաջ Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու, արդարության հաստատման ու իշխանությունը իր իրական տիրոջը՝ ժողովրդին, վերադարձնելու միակ ելքը քաղաքական դաշտում առկա առողջ ուժերի համախմբումն է ու բռունցքվելը.
Կայացրել եմ ծանր որոշում, վայր եմ դնում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահի պարտականություններս ու խնդրել եմ կասեցնել կուսակցական պատկանելիությունս ԺՈՒԿ-ին:
Սույն որոշմանս մասին դիմումը ներկայացրել եմ կուսակցության վարչությանը և խնդրում եմ այն ընդունել ի գիտություն և ի կատարումն»: