Չնայած ՆԳՆ-ի արգելքին՝ թուրքական արհմիությունները մայիսի 1-ին կհավաքվեն Ստամբուլի կենտրոնում
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Հեղափոխական աշխատանքային արհմիությունների համադաշնության (DISK) ղեկավար Քանի Բեքոն և Թոշակառու-պետծառայողների արհմիությունների համադաշնության (KECK) նախագահ Լամի Օզգենը պատասխանել են ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերին:
Վերջինս հայտարարել է, որ իրենք չեն արտոնելու մայիսի 1-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում ցույցի անցկացումը: Գյուլերն ընդգծել էր, որ այդ հրապարակը ֆիզիկապես չի համապատասխանում տոնման համար, քանի որ ներկայումս այնտեղ իրականացվում են մի շարք նախագծեր:
Քանի Բեքոն հիշեցրել է, որ DISK-ն ու մյուս արհմիություններն արդեն իսկ հայտարարել են մայիսի 1-ին «Թաքսիմ» դուրս գալու իրենց որոշման մասին. «Մենք «Թաքսիմ» հրապարակում կհարգենք 1977 թվականին մայիսի 1-ին ֆաշիստական մարդասպանների կողմից սպանված մեր 36 ընկերների հիշատակը:
Նրանց սպանությունը դեռ մնում է չբացահայտված: DISK-ը պայքարում է, որ մարդասպանները բացահայտվեն ու կանգնեն դատարանի առջև»:
Հիշեցնենք, որ թուրք կոմունիստները տարբեր քաղաքներում ավանդաբար մայիսի 1-ին կազմակերպում են տոնակատարություններ, ինչն ավարտվում է ոստիկանության հետ բախումներով: