«Մարդիկ բնակարաններում են, սպասողական վիճակ է»․ Հալեպում իրավիճակը մտահոգիչ է, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հալեպահայերի խնդրին դեռևս չի անդրադարձել

«Քաղաքում, գրեթե մեծամասնությամբ, շրջաններում ընդդիմադիրներն են, բայց կացությունը հանդարտ է, բախումներ չկան,- 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Հալեպից «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ տեղեկացնելով նաև, որ սպասողական վիճակ է,- Խանութները հիմնականում փակ են, իսկ մարդիկ բնակարաններում են, դուրս չեն գալիս․ զգուշավոր են»։

Արդյո՞ք սիրիական կառավարությունը քաղաքից դուրս գալու հետ կապված ինչ-ինչ նախաձեռնությունների մասին տեղեկացրել է՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Զարմիկ Պողիկյանը նկատեց, որ միայն նախօրեին ռմբակոծված Հալեպի համալսարանի հանրակացարանի ուսանողների համար են տրամադրել ավտոբուսներ, քանի որ նրանք Սիրիայի տարբեր շրջաններից էին եկել։

«Բայց, ընդհանուր առմամբ, բնակչության առումով տեղափոխության նախաձեռնություններ առայժմ չկան։ Անհատական պարագաներ կան, երբ մարդիկ սեփական մեքենաներով փորձում են քաղաքից դուրս գալ դեպի այլ նահանգներ»,- մանրամասնեց նա։

Կարդացեք նաև

Հարցին էլ՝ Հայաստանի Հանրապետությունից աջակցություն ակնկալո՞ւմ են՝ այդտեղ բնակվող հայերին դուրս բերելու համար, մեր հայրենակիցը պատասխանեց՝ առայժմ տեղափոխության օրակարգն ընդհանրապես չի քննարկվում։

«Այսինքն՝ դեռ սպասողական վիճակ է, ու հայտնի չէ՝ ինչպես պետք է զարգանա։ Միայն գիտեմ, որ մարդասիրական խումբն արդեն վերադարձել է Հայաստան,- ասաց սփյուռքահայ գործիչը՝ հավելելով նաև, որ տեղեկություն չունի՝ արդյո՞ք ՀՀ պատկան մարմինները կապ հաստատել են հայկական շրջանակների հետ,- Ըստ երևույթին չկան կապեր։ Միայն գիտեմ, որ մարդասիրական խումբն արդեն վերադարձել է Հայաստան։ Մարդասիրական խումբն անմիջապես բախումներից առաջ՝ հինգշաբթի օրն է լքել Հալեպը, իսկ հյուպատոսը՝ երկուշաբթի օրը»։

Մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի անդրադարձել Հալեպում ապրող մեր հայրենակիցների խնդրին՝բավարարվելով միայն երեկ մի քանի լրատվամիջոցների հարցադրումներին ի պատասխան՝ տեղեկացնելով, որ «այս պահին առկա տեղեկատվությամբ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»։

168am-ը երեկ ավելի ուշ փորձել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից պարզաբանում ստանալ Հալեպում ապրող հայերին տեղափոխելու ԱԳՆ դիրքորոշման վերաբերյալ, նա դեռևս չի արձագանքել․ հավանաբար, խառն են Ֆինլանդիա աշխատանքային այցով։

Ի դեպ, մեր հայրենակիցները ԱԳՆ ֆեյսբուքյան էջում ֆինլանդական օրակարգի տակ հիշեցրել են Սիրիայում ապրող հայերին տարհանելու անհրաժեշտության մասին։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաք են մտել հակակառավարական ահաբեկչական խմբավորումներ։ Բերիո թեմի ազգային առաջնորդարանը դիմել էր հայերին մնալ բնակարաններում և խուճապի չմատնվել։

Անհրաժեշտ պարագաներում կամ անապահով կացության մատնվելու դեպքում՝ հեռաձայնել 4443 999-4614510- 2125696 հեռախոսահամարներով։

Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան․ այս մասին էլ հայտնել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։

Վերջին օրերին Սիրիայի մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել։ Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։

168.amը այլ մանրամասներ կներկայացնի հետագա հրապարակումներում։

Տեսանյութեր

Լրահոս