Հայաստանի դեմ կոալիցիա. տնային աշխատանքի հրատապությունը
COP 29-ի միջոցառումներն ավարտած Ադրբեջանի նախաձեռնությամբ ստեղծվում է ոչ կառավարական կազմակերպությունների Գլոբալ Հարավային պլատֆորմ, որի նպատակն է լինելու կլիմայի, շրջակա միջավայրի «պաշտպանությունը»:
«Ոզնուն էլ պարզ» է, որ շրջակա միջավայրը, կլիման Ադրբեջանի հետաքրքրությունների, մեղմ ասած, վերջին շարքում են, եթե խոսքը վերաբերում է այդ հասկացությունների բուն իմաստին: Ադրբեջանի համար այդ հասկացությունները հետաքրքիր են նենգափոխված իմաստով՝ որպես Հայաստանի հանդեպ առավելապաշտության պետական ռազմավարության տնտեսական բաղադրիչ:
Այդ մասին խոսել եմ և գրել բազմիցս: Հայաստանին ուղղված Ադրբեջանի պահանջները, պայմաններն ու նպատակները չեն սահմանափակվում միայն ռազմա-քաղաքական բնույթի պահանջներով ու հավակնությամբ: Ավելին, Բաքվի տնտեսական հավակնությունները ոչ միայն պակաս վտանգավոր չեն, այլ հակառակը՝ դրանք հարվածի տակ են դնում մի դաշտ, որը ցանկացած պետության կենսունակության հիմքն է՝ տնտեսություն:
Կլիման, շրջակա միջավայրը Ադրբեջանի համար թեմա են, որ կարող են՝ մի կողմից լինել արտաքին ներդրողների հետ շահավետ գործարքների և Ադրբեջանի տնտեսա-քաղաքական սուբյեկտության ու ներուժի բարձրացման ռեսուրս, այն հանքահումքային ռեսուրսի միջոցով, որ առկա է Ադրբեջանի վերահսկողության տակ եղած տարածքում, իսկ մյուս կողմից, թեմաներ են, որը հնարավոր է գլխիվայր շրջել Հայաստանի տնտեսության դեմ:
Այն, որ COP 29-նն Ադրբեջանը դիտարկելու էր իր այդ ռազմավարական նպատակի սպասարկման մի հերթական հանգրվան, արձանագրել էի դեռևս ամիսներ առաջ: Այդ միջոցառումների բացման իսկ օրվանից, ընդհուպ Ալիևի մակարդակով, Հայաստանը մեղադրվեց ռեգիոնալ շրջակա միջավայրը վտանգելու մեջ: Սա «էթնիկ տնտեսական զտման» քաղաքականության դրսևորում է, որովհետև այն, ինչ Բաքվի պարագայում միջազգային ներդրումային լայն նախագծերի առարկա է, Հայաստանի պարագայում Ադրբեջանը մատուցում է իբրև «շրջակա միջավայրի վտանգ»:
Հայաստանի համար սա իսկապես վտանգավոր մարտահրավեր է, եթե հաշվի առնենք այն, որ միջազգային քաղաքական հանրության համար իրերի այդ դրությունը գործնականում չի ներկայացնում մեծ հետաքրքրություն: Նաև դա հստակ արձանագրելով, Ադրբեջանն իր շինծու մեղադրանքները միջազգայնացնելու համար ձևավորում է «ոչ կառավարական միջազգային կոալիցիա»: Նվազագույն հաշվարկն այն է, որ այդ կերպ հնարավոր է ուժգնացնել Հայաստանի հանդեպ ճնշումն ու առնվազն դարձնել այն նոր պայմաններ թելադրելու և միակողմանի զիջումներ կորզելու միջոց: Այլ կերծ ասած, որպես նվազագույն խնդիր, Հայաստանի վրա առավելագույնս թանկ վաճառել հենց Հայաստանի տնտեսական համակարգի «ծանր հրետանու»՝ հանքարդյունաբերական սեկտորի գործունեությունը:
Իսկ, որպես առավելագույն նպատակ, Ադրբեջանը երկարաժամկետում, իհարկե, դիտարկում է այդ ձեռնարկությունների գործունեության միջազգային խոչընդոտներ ստեղծելն ու նաև Հայաստանի գործընկերային, ներդրումային իմիջը երկարաժամկետ հարվածի տակ դնելը:
«Մեր պատասխանը Չեմբեռլենին» կարող է, իհարկե, լինել միջազգային էկոակտիվիստ Գրետա Տունբերգը, որը եկավ, խոսեց ու գնաց: Անշուշտ, հնչեցին Ադրբեջանի հասցեին մեզ համար ականջահաճո խոսքեր: Բուն հարցն այն է, սակայն, որ իրերի այդ հարաբերակցությունը պարզապես նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ գործում է համակարգված ռազմավարությամբ ու ճանապարհային քարտեզով, իսկ Հայաստանը մխիթարվում է Գրետա Տունբերգով:
Տունբերգին, իհարկե, դեմ չէ ոչ ոք, բայց Հայաստանին Տունբերգից առաջ պետք է տնային աշխատանք՝ նույնքան համակարգված, ռազմավարական պլանավորումով ու մշակումով: Տնային աշխատանք, որն ուղղված պետք է լինի Հայաստանի տնտեսության հանդեպ մարտավարական և ռազմավարական թիրախավորման խորքային քաղաքականություն վարող Ադրբեջանի գործողությունների հանդեպ ոչ կառավարական կենսունակ կոալիցիա ձևավորելուն` դնելով նաև միջազգային գործընկերներ ներգրավելու խնդիր:
Այստեղ, ցավոք սրտի, ունենք տարօրինակ պատկեր: Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ներսում՝ Հայաստանում գործող ձեռնարկությունների դեմ զանազան այսպես ասած քաղաքացիականա-ակտիվիստական արշավներին, ապա նկատվում է միջազգային ոչ կառավարական սեկտորի խմբերի հետաքրքրության աճ:
Եթե խոսքը վերաբերում է մարդկային իրավունքի, շրջակա միջավայրի պաշտպանության և համանման բոլոր նորմերը ոտնահարող, բայց փոխարենը Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանք տեղացող Ադրբեջանին հակազդելուն, ապա չկա ոչ միայն հայաստանյան ոչ կառավարական սեկտորի հետևողական և համակարգային աշխատանք, այլ նաև դրա ոևէ միջազգային գործուն, համակարգված աջակցություն:
Եթե, օրինակ, կառավարական մակարդակով պասիվությունը կարող է ունենալ քաղաքական հաշվարկներով, ուժերի բալանսով պայմանավորված բացատրություններ՝ շատերի համար ընդունելի, շատերի համար՝ ոչ, ապա ոչ կառավարական մակարդակում Հայաստանում առկա կրավորականությունը չունի որևէ բացատրություն: Կամ, հնարավոր բացատրությունները կարող են կապ չունենալ Հայաստանի շահերի հետ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ