Նոր հարկատեսակը հանգեցնելու է թանկացման․ հիմնական բեռը կրելու են ֆիզիկական անձինք․ փաստաբան
2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանի ծառայություններից օգտվելն առավել թանկ կլինի քաղաքացիների համար․ ահազանգում են հենց փաստաբանական շրջանակները։ Իսկ պատճառը նոր հարկատեսակն է, ինչը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ․ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։
Հունվարի 1-ից փաստաբանի ծառայությունները կթանկանան
Թեև օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել էին, որ 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ դիմումի հիման վրա հարցի քննությունը՝ պատճառաբանությամբ, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Հարված ոչ միայն քաղաքացու գրպանին, այլև՝ նրա իրավունքներին
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ևս 168․am-ի հետ զրույցում թեմայի առնչությամբ արձանագրում է, որ փաստաբանական ծառայությունների՝ ԱԱՀ դաշտ անցումն ուղղակիորեն հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների թանկացմանը։
«Որովհետև եթե զուտ տոկոսային առումով վերցնենք, այդ պարագայում հարկերը կազմակերպության դեպքում կկազմեն 43 տոկոս․ 20 տոկոս՝ ԱԱՀ, 18 տոկոս՝ շահութահարկ, և 5 տոկոս՝ նաև երբ վճարում են շահաբաժնից եկամտային հարկ։ Փաստաբանական գրասենյակները շատ մեծ ծախսեր չունեն, որպեսզի կարողանան շահութարկից նվազեցում կատարեն, և, ըստ էության, կարելի է դիտարկել, որ 35-40 տոկոս են կազմելու միայն հարկերը,- նշեց փաստաբանը՝ նկատառմամբ,- Բնականաբար, սա հանգեցնելու է նաև թանկացման՝ ընդ որում, հիմնական բեռը կրելու են ֆիզիկական անձինք, քանի որ, եթե կազմակերպություններին է առնչվում փաստաբանական ծառայությունը, որոնք ԱԱՀ վճարող են, իրենք այդ ԱԱՀ-ն կարողանում են հաշվանցել, իսկ ֆիզիկական անձը չի կարող, ու այդ հարկային բեռը, ըստ էության, ամբողջությամբ ծանրանալու է հենց նրա վրա»։
Արամազդ Կիվիրյանը հարկային այս քաղաքականությունն ուղղակի հարված համարեց ոչ միայն քաղաքացու գրպանին, այլև նրա հիմնարար իրավունքներին։
«Փաստաբանական ծառայությունն անձի իրավական օգնություն ստանալու սահմանադրորեն ապահովված երաշխիքն է, և տվյալ դեպքում, երբ փաստաբանական ծառայությունները թանկանում են, և անձը ֆինանսական կոմպոնենտից կախված՝ զրկվում է իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, դա հանգեցնում է կոլապսի»,- պարզաբանեց նա՝ հիշեցնելով, որ այսօր փաստաբանական ծառայությունն ուղղված է որոշ դեպքերում ոչ միայն զուտ իրավական օգնություն մատուցելուն, այլ նաև նույն պետական համակարգի կողմից տարաբնույթ անձանց նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների կանխմանը։
Ամփոփելով՝ Արամազդ Կիվիրյանն արձանագրեց՝ նման որոշումները գոյություն ունենալու իրավունք չեն կարող ունենալ իրավական պետության մեջ։
«Մոտավորապես 30-40 տոկոս թանկացնել ծառայությունները, անձանց ստիպել, որպեսզի իրենք ավելի շատ գումար վճարեն՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար, աբսուրդ է։
Ես հասկանում եմ, որ պետությունն այսօր հարկերի հավաքագրման խնդիր ունի, բայց ես չեմ կարծում, որ ՀՀ փաստաբանական գրասենյակները պետք է կրեն այդ բեռը, կամ՝ այդ գրասենյակներից հավաքագրված գումարը լինելու է այնքան, որ պետությունը կատարելու է իր մնացած գործառույթները․ թող պետությունն այլ ոլորտները զարգացնի»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին։ Փաստաբանները դեռ նախագծի քննարկման փուլից ոչ միայն ահազանգում են հարկային այս փոփոխությունների խնդրահարույց հետևանքների մասին, այլև տարբեր նախաձեռնություններով ու անգամ գործադուլներով մի քանի անգամ փորձեցին իրենց ձայնը լսելի դարձնել։