Բաժիններ՝

Ալբերտ Թադևոսյանը խոսել է բասկետբոլի հավաքականի Ավստրիայից կրած խոշոր հաշվով պարտության մասին

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի անդամ Ալբերտ Թադևոսյանն Ավստրիայից կրած պարտությունը կապում է առաջին քառորդում անհաջող խաղի հետ:

«Մենք վատ հանդես եկանք, իհարկե: Պարտություն կրեցինք միավորների մեծ տարբերությամբ: Մենք ակնկալում էինք, որ բարդ հանդիպում է լինելու, սակայն մեզ չհաջողվեց անել այն, ինչը մարզումների ընթացքում արել էինք: Բայց, Ավստրիայի հավաքականին պետք է արժանին մատուցել, քանի որ հրաշալի խաղ անցկացրին»,-  լրագրողների հետ զրույցում նշեց Թադևոսյանը:

Վերջինիս խոսքով` խաղի ելքը որոշվեց առաջին քառորդից հետո, երբ մրցակիցն արդեն 20 միավոր առավելություն ուներ: «Հոգեբանորեն բարդ էր շարունակել խաղը, այն բանից հետո, երբ մի շարք երեք միավորանոց նետումներ էինք բաց թողել: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և շնորհակալություն՝ հրաշալի աջակցության համար»,- ասաց նա:

Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ  հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը պարտվեց 49 միավորի տարբերությամբ` 80:129:

Հանդիպման ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանն այդպես էլ չմոտեցավ լրագրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս