Թեպետ «տնային կալանք» արտահայտության մեջ «տնային» բառը քաղցր է, բայց «կալանք» երևույթը մնում է նույնքան անարդար և ծանր. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Արտակ Գալստյանը նրան հարցրել է.
«Ինչո՞վ եք զբաղված տնային կալանքում»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Փորձում եմ ընտանիքիս հետ լրացնել 15 ամիսների բռնի բացակայությունս, ինչն իրականում հնարավոր չէ։ Հետևում եմ ընթացիկ լրահոսին, ցավոք, ավելի քիչ եմ ընթերցում և ավելի շատ՝ դիտում եմ։
Առիթից օգտվելով՝ մի ընկերական խորհուրդ տամ. գիրքը հաղթում է էկրանին, հիշե՛ք սա և հետևե՛ք այդ կանոնին։ Նյարդայնանում, նեղվում, մտորում եմ երկրիս ներկայի և ապագայի շուրջ։ Շարունակում եմ աշխատել և սակավաթիվ հասանելի ֆորմատներով փորձել մշտապես օգտակար լինել հասարակությանը և պայքարին։ Ջանքեր եմ գործադրում վերասոցիալիզացվելու, ինչը նույնպես լուրջ խնդիր է շատ երկար մենախցությունից հետո։ Մարդկանց հետ շփվելու, հանդիպելու, արտահայտվելու սահմանափակումներն այնքան շատ են և այնքան արհեստական, որ կարող եմ պնդել, որ թեպետ «տնային կալանք» արտահայտության մեջ «տնային» բառը քաղցր է, բայց «կալանք» երևույթը մնում է նույնքան անարդար և ծանր»։
Մանրամասները՝ տեսանյութում: