ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է ՌԴ-ին` կապված մարդու իրավունքների խախտման հետ
KM.RU-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է նախորդ տարի աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Ռուսաստանին առնչվող հատվածում նշված է, որ ռուսական իշխանությունները քանիցս ճնշումներ են բանեցրել ԶԼՄ-ների վրա` հարկադրելով նրանց սուբյեկտիվորեն լուսաբանել տարբեր իրադարձություններ: Դրանով իսկ Ռուսաստանի ղեկավարությունը խախտել է խոսքի ու մամուլի ազատության իրավունքը, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ:
Բացի այդ, ընդգծվում է, որ պետության ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ները հաճախ անտեսել են Հյուսիսային Կովկասում կառավարական զորքեի գործողությունները, ընդդիմության տեսակետը և վերին էշելոններում կոռուպցիան սկանդալները:
Կաշառակերությունը տարածված է կրթության, բանակի, բժշկության, շինարարության, սոցիալական ապահովման, կոմերցիոն գործունեության ոլորտներում:
ԱՄՆ-ը մատնացույց է արել իրավապահ ու դատական համակարգերում կոռուպցիայի առկայությունը: Զեկույցի հեղինակների խոսքերով` չինովնիկները հաճախ օգտվել են ռուսական օրենսդրության մի շարք դրույթների ոչ հստակությունից, ինչը նրանց հնարավորություն է տվել իշխանություններին քննադատողներին ուղարկել վանդակաճաղերից այն կողմ:
Պետդեպարտամենտի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև հեռուստատեսային ԶԼՄ-ները: Թե՛ տարածաշրջանային, թե՛ դաշնային հեռուստաալիքներն առաջին հերթին ենթարկվել են ռուսական իշխանությունների ազդեցությանը: Դա իրականացվել է կա՛մ ուղիղ, կա՛մ պետական մասնակցությամբ խոշոր ընկերությունների օգնությամբ:
Զեկույցի հեղինակները կարծում են որ Ռուսաստանի իրավապահ աշխատակիցները չեն խորշում կասկածյալների վրա ֆիզիկական ազդեցություն ցուցաբերելուց: Այդ միտումը կրում է պարբերական բնույթ, ինչը սովորաբար տեղի է ունենում ձերբակալման առաջին օրը: Ենթադրվում է, որ Կովկասում կտտանքների են դիմել տեղական ոստիկանները կամ կառավարական զինվորականները: