Փաստաբանները 35 % իրենց ծառայությունները կթանկացնեն, իրավաբանական անվճար օգնություն այլևս չի՛ մատուցվի. Սիմոն Բաբայան

2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանները 5 տոկոսանոց շրջանառության հարկի փոխարեն՝ կվճարեն ավելի շատ հարկ՝ շահութահարկ և ավելացված արժեքի հարկ՝ համապատասխանաբար՝ 18 և 20 տոկոս համամասնությամբ, և սա դեռ ամենը չէ. իրավաբանական ծառայություն մատուցողները ևս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 10+20 տոկոս հարկ, ինչն առաջացնելու է հսկայական խնդիրներ շարքային այն քաղաքացիների համար, որոնք ունենալու են փաստաբանական և իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունների՝ իրավաբանական ծառայությունների մատուցման համար 5 տոկոսանոց շրջանառության հարկը չեղարկելու առաջարկի մասին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

«Ֆիսկալ քաղաքականությունից պետք է վերանալ. նորմալ է, որ պետությունը կիրառում է հարկային արտոնություններ՝ փաստաբանների և իրավաբանական ծառայություններ մատուցողների համար։ Այսօր ունենք փաստաբանական գրասենյակներ, որոնք աշխատում են ավելացված հարկի ռեժիմում, որովհետև մեծ շրջանառություն ունեն, բայց արդյո՞ք նույնը հարկային բեռի տակ պետք է դնել նաև նրանց, որոնք անհատ ձեռնարկատերեր են՝ նոր-նոր կայացող փաստաբաններ։ Մեր խնդիրը պետք է լինի այն, որ նորաստեղծ գրասենյակները կարողանան կայանալ, ինչին խոչընդոտելու է նման հարկային քաղաքականությունը»,- ասաց Սիմոն Բաբայանը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ թեև տպավորություն է ստեղծվում, թե փաստաբանները ցանկանում են աշխատել քիչ հարկ վճարելով, սակայն դա ամենևին էլ աղերս չունի իրականության հետ։

Ըստ Բաբայանի՝ փաստաբանական և իրավաբանական գործունեությունը բացառապես ձեռնարկատիրական դիտարկելը սխալ է, որովհետև այն առաջնահերթ իրավապաշտպան գործունեություն է, ինչի համար աշխարհի շատ երկրներում գործունեության այդ տեսակն ազատված է հարկերից։

«Փաստաբանը խնդիր չունի. նա ստիպված է լինելու 35 տոկոսով իր ծառայությունները թանկացնել, իսկ այստեղ տուժողը լիելու է քաղաքացին»,- ասաց Սիմոն Բաբայանը՝ շեշտելով, որ առաջարկվող Հարկային փոփոխությունների պարագայում քաղաքացուն հնարավոր չի լինելու մատուցել նաև անվճար իրավաբանական ծառայություն։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս