«Մանիպուլյացիաների «ուստեքին», որ եկա այդտեղ՝ հատիկ առ հատիկ ի ցույց կդնեմ». Մեսրոպ Մանուկյան
«Պարո՛ն Հայկ Գրիգորյան, ձեր հարցի պատասխանը տամ՝ համաձայն «Թել Սելի» ու քաղաքապետարանի պայմանագրի՝ արդեն շուտվանից տոմսերի ստուգումն ու տուգանքների արձանագրումը պիտի լիներ»,- այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը։
Նա ասաց, որ նշված պայմանագրի մի օրինակը կփոխանցի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, մի օրինակն էլ՝ փոխքաղաքապետին։
Այնուհետև Մեսրոպ Մանուկանը հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչո՞ւ սահմանված չէ հատուկ սակագին։ Եթե պարոն Գալջյանն ասում է՝ արտոնություն, զեղչ, հասկանում եմ՝ իրավաբանականում հեռակա սովորել է, կարող է չի սովորել, որ ավագանին հելնի օդ, իջնի ներքև, չունի այդ արտոնությունը՝ արտոնություն ու զեղչ անելու։
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել, ավագանին այդ լիազորությունը չունի։
Եվ ԵԿՄ-ի կամավորը, որը գնում ու կամավոր հիմքով ծառայում է մեր հայրենիքին, էս մարդկանց համար ինչո՞ւ հատուկ սակագին չեք սահմանել»,- հետաքրքրվեց Մեսրոպ Մանուկյանը։
Մինչև հարցին պատասխանելը, Սուրեն Գրիգորյանը զգուշացրեց, որ ավագանու անդամի դիմաց բարձախոս է դրված, չգոռա՝ ամեն ինչ նորմալ լսվում է։
«Ինչ վերաբերում է ձեր հարցին, վաղուց արձանագրել եմ, որ դուք այս պայմանագիրը կա՛մ կարդում եք ու չեք հասկանում, թե այդտեղ ինչ է գրված, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում եք, որովհետև այդ նույն պայմանագրում պարզ գրված է, որ օպերատոր կազմակերպությունն իրավունք ունի ներգրավել գործընկերներ՝ իր պարտականությունը կատարելու համար։
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների ուղղությամբ կենտրոնական իշխանությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ու իրականացնում է։ Կներեք, դուք այս նախագծի մասին վաղուց իմացել եք և առնվազն առաջարկով հանդես չեք եկել, որպեսզի իրենց մասով քննարկում ունենաք, թույլ տվեք մի փոքր կասկածել ձեր այդքան մեծ անհանգստությանը»,- պատասխանեց Սուրեն Գրիգորյանը։
Արձագանքելով, Մեսրոպ Մանուկյանը Սուրեն Գրիգորյանին ասաց՝ նախ նրա տենորի ձայնով չի կարող ելույթ ունենալ, ելույթ է ունենում այնպես, ինչպես կարողանում է։
«Պայմանագրի կետերը կբերեմ, հենց այդտեղ կտամ ձեր ձեռքը, մի հատ էլ կհրապարակեմ ու ձեր իրավաբանական գիտելիքներն ի ցույց կդնեմ։ Բա սահմանեիք մի 2000 դրամանոց սակագին, երևանցիներին էլ ասեիք, թե զեղչ եք անում։ Իրերն անվանեք իրենց անունով, իսկ մանիպուլյացիաների «ուստեքին», որ եկա այդտեղ հայտարարությունների ժամին՝ հատիկ առ հատիկ ի ցույց կդնեմ։ ԵԿՄ-ի կամավորների մասին հարցին էլ խուսափեցիք պատասխան տալ»,- եզրափակեց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում