Իտալիայում երրորդ փորձից էլ չի հաջողվել ընտրել նոր նախագահ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայում անարդյունք է ավարտվել նախագահական ընտրությունների քվեարկության երրորդ փուլը: Այն մեկնարկել է երեկ՝ Պատգամավորների պալատի ու Սենատի համատեղ նիստով, որին մասնակցել են երկրի բոլոր մարզերի պատվիրակները:
Երկրի գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի յոթամյա մանդատը սպառվում է մայիսի 15-ին: Իտալիայի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն, նախագահական ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ: Քվեարկության իրավունք ունի 1007 ընտրող:
Ընտրվելու համար անհրաժեշտ է առաջին երեք փուլերում հավաքել քվեների 2/3-ը՝ այսինքն 672 քվե: Չորրորդ փուլից սկսած՝ բավական է հավաքել սովորական մեծամասնություն՝ 504 քվե: Երրորդ փուլում առաջատարը ձախ շրջանակները ներկայացնող իրավաբան ու քաղաքական գործիչ Ստեֆանո Ռոդոտան է՝ 249 քվե: Առաջին երկու փուլերում նա ստացել է համապատասխանաբար 240 և 230 քվե:
Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պռոդին, որի թեկնածությունն այսօր առավոտյան պաշտոնապես առաջադրել է խորհրդարանում խոշորագույն խմբակցությունն ունեցող Դեմոկրատական կուսակցությունը, հավաքել է ընդամենը 22 ձայն:
Նրան անգամ գերազանցել է դեմոկրատների մեկ այլ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Մասիմո Դ’Ալեման, ով երրորդ փուլում ստացել է 34 քվե: Իտալացի վերլուծաբանները կարծում են, որ իրավիճակը պետք է արմատականորեն փոխվի քվեարկության 4-րդ փուլում, երբ հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 504 քվե: Քվեարկության 4-րդ փուլը տեղի է ունենում այսօր: