«Փաշինյանը փորձում է սպասվող երկրորդ կապիտուլյացիան մատուցել». Դավիթ Ջամալյան

ԱԺ-ում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած զրույցի որոշ մանրամասներին։ Նա գոհունակություն հայտնեց իր և ընդլայնված կազմով Ադրբեջանի նախագահի հետ շփումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Ալիևի հետ վաղուց կամ առհասարակ նման երկար շփում չէր ունեցել։

«Ամենակարևոր հատվածն իմ տեսակետից այն է, որ միտք է հնչել, և ես կարծում եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության ու տարբեր պայմանագրերի կարիք, այլև ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք, այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակներում են առաջիկա 100 տարիներում, որպես անկախ պետություններ, իրար կողք կողքի ապրելու։ Կարծում եմ՝ սա ամենաֆունդամենտալ ու կարևոր հարցն է»,- իր խոսքում նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, անձամբ նշված ռազմավարական գործարքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ, որը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում է ցնդաբանություն, քանի որ կարծում է՝ Ադրբեջանն ինչ-որ ռազմավարական դաշինքով չի գնալու խաղաղ համակեցության։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանի այս «մտքի փայլատակումից» առաջին ռեակցիան, որ ունեցա՝ այն է, որ սա ուղղակի ցնդաբանություն է։ Բայց հաշվի առնելով, որ կապիտուլյանտը մեդիամանիպուլյացիաների, հանրությանը մոլորեցնելու, խաբելու մեծագույն վարպետ է, հասկանում եմ, որ սա ցնդաբանություն որակելը տեղին չէ։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը փորձում է սպասվող երկրորդ կապիտուլյացիան հանրությանը մատուցել Ադրբեջանի հետ «ռազմավարական դաշինք» փաթեթավորմամբ։ Այստեղ քաղաքագիտական, ռազմական գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու համար, որ ռազմավարական դաշինքները ստորագրվում են հավասարը հավասարի հետ, շահերի համընկնելու տրամաբանության ներքո։ Հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում շահերի համընկնում չկա»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Ըստ փորձագետի, նաև քաղաքագիտական ու ռազմական գիտելիքներ պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ թուրք-ադրբեջանական տանդեմի միակ շահն ու ձգտումը Հայաստանին՝ որպես սուբյեկտի, իսպառ ոչնչացնելն է։

Դավիթ Ջամալյանը չգիտի, թե Նիկոլ Փաշինյանի այս խոսքերին քանի հոգի են հավատացել, բայց հստակ է՝ այս բոլոր հայտարարություններն ուղղված են մարդկանց մոլորեցնելուն։ Նպատակը նաև մարդկանց դժգոհությունների հնարավոր ալիքը կանխելն է՝ կապված Ադրբեջանի պահանջների, նրա վարած քաղաքականության հետ։

«Որպեսզի լավ պատկերացնենք ադրբեջանական կողմի լկտիությունը, ասեմ, որ երեկ ռուսական մի շարք տելեգրամյան ալիքներ գրել էին, թե ինչպես են ադրբեջանցիները ռուսական ուսումնական հաստատություններում կոչ արել «կոտորել ռուսներին», սա ուկրաինական կարգախոս է։ Ռուսական տելեգրամյան ալիքներում հիմա մեծ աղմուկ է։ Հիմա, եթե ադրբեջանցիները նման բան են անում Մոսկվայում, մենք ինչպե՞ս ենք համակեցություն ապահովելու լկտիացած թուրքի հետ։

Մենք, իհարկե, կվերականգնվենք, բայց այս պահին հատակին ենք, քանի որ երկրի ղեկավարը մշտապես ավելի ու ավելի է խորացնում ճգնաժամը։ Եթե լինի այդ դաշինքը, և այս անձը ՀՀ-ում մնա իշխանության, մենք տեսնելու ենք Հայաստանի հարաճուն թրքացում»,- շեշտեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի ոճով մանիպուլացնում է ամեն ինչ, ինչը նրա մոտ լավ է ստացվում։

«Գուցե Նիկոլ Փաշինյանի համար թուրքերի հետ խաղաղ համակեցությունն ինչ-որ տեղ հնարավոր է, որովհետև թրքասեր է»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս