Շոլցը կարողացել է Պուտինին զանգել միայն Թրամփի հաղթանակից հետո. Բունդեսթագի պատգամավոր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարողացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարել միայն ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, քանի որ Ջո Բայդենի վարչակազմը մինչ այդ թույլ չի տվել։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավոր Ռայներ Ռոտֆուսը:
«Ինչո՞ւ գերմանական իշխանությունը ոչ մի կերպ չէր շարժվում։ Որովհետև հրահանգներ է ստանում Վաշինգտոնից։ Եվ հիմա, երբ Բայդեն-Հարիս համակարգը տապալված է, Շոլցը հանկարծ կարողացավ նախաձեռնողականություն դրսևորել և զանգահարել: Եվ դա չափազանց անհրաժեշտ էր, չէ՞ որ բնակչությունն արդեն վաղուց ցանկանում էր, որ դիվանագիտական ջանքեր գործադրվեն` չնայած հակառուսական քարոզչությանը», – ասել է խորհրդարանականը Սոչիում ԲՐԻԿՍ-ի և Եվրոպայի երկրների համագործակցության հեռանկարների մասին միջազգային խորհրդաժողովի շրջանակում։
Նա նշել է, որ պետք է տարբերակել Գերմանիայի բնակչությանը և Գերմանիայի կառավարությանը:
«Գերմանիայի բնակչությունը միշտ պնդել է, որ քաղաքական գործիչները դիվանագիտական քայլեր ձեռնարկեն ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար: Օրինակ՝ 2024 թվականի օգոստոսին INSA սոցիոլոգիական ինստիտուտը հարցում էր անցկացրել, որի համաձայն` հարցվածների 68%-ը կողմ էր արտահայտվել հակամարտությունն ավարտելու դիվանագիտական ջանքերին»,– նշել է խորհրդարանականը
Հիշեցնենք` Շոլցը նոյեմբերի 15-ին զանգել է Պուտինին։ Մինչ այդ առաջնորդները հեռախոսով խոսել էին 2022 թվականի դեկտեմբերին։ Երեկվա զրույցի ընթացքում, ըստ Կրեմլի, խոսվել է Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի խնդրի, Մոսկվայի և Բեռլինի երկկողմ հարաբերությունների մասին: Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Շոլցի հեռախոսազանգը վկայում է Մոսկվայի դիրքորոշումն առաջին ձեռքից իմանալու քաղաքական կամքի մասին: